Search
Close this search box.

Ինչ է ասել Արցախի նորանշանակ պետնախարարը՝ խորհրդակցության ժամանակ

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարությունից:

Ողջունելով ներկաներին՝ պետնախարարը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը ԱՀ կառավարության առաջնահերթությունների թվում է և պարենային, էներգետիկ անվտանգության ու ռազմավարական նշանակության այլ հարցերում հաջողություներ ունենալու հիմնական պայմանն արդյունավետ կառավարումն է:

«Հատկապես շրջաններում ենթակառուցվածքների զարգացման ու սոցիալ տնտեսական իրավիճակի բարելավման ծրագրերը իրականացվելու են անշեղ: Մեր խնդիրն է, որպեսզի շրջանային վարչակազմերը կարողանան լուծել իրենց առջև ծառացած առաջնային կարևորության սոցիալական խնդիրները:

Գյուղաբնակ մեր հայրենակիցը չպետք է անհարմարություններ կրելով ու միջոցներ վատնելով հասնի մայրաքաղաք՝ այս կամ այն կառույցում փնտրելով իր խնդրի լուծումը» — նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետնախարարը արդի մարտահրավերների համատեքստում կարևորել է շրջաններում ու մայրաքաղաքում խնդիրների շարունակական գույքագրման աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել հրատապ լուծում պահանջող խնդիրները ներկայացնել կարճ ժամկետում: Որպես առաջնահերթություն՝ անդրադարձ է կատարվել գարնանացան աշխատանքների ընթացքին: Քննարկվել են դիզվառելիքի պահանջվող ծավալի և սերմացուների ձեռքբերման ու մատակարարումներն ապահովելու հարցեր:

Պետնախարարը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է վաղը խորհրդակցություն հրավիրել վարչակազմերի աշխատողների մասնակցությամբ և փոխանցել անշեղ աշխատանքային կարգապահություն ապահովելու՝ աշխատանքային ռեժիմի, փոխհարաբերությունների, քաղաքացիների պատշաճ ընդունելություն և շփումների ընթացքում հանրային ծառայողին հարիր վարք ցուցաբերելու իր պահանջը։

Շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ հանդիպումներն ու խորհրդակցությունները լինելու են պարբերաբար։