Search
Close this search box.

Այդ չարիքի դեմ պայքարի ուղղությամբ ակնկալում ենք հանրության աջակցությունը․ Վահե Ղազարյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում։

«Ակնհայտ է, որ ավանդական միջոցներով սրա դեմ պայքարն այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ թմրանյութերի տարածումն իրականացվում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Միայն 2020 թվականի համեմատ 2023-ին շուրջ 4 անգամ ավելացել են թմրանյութեևի «օնլայն շոփեր» կոչվածը՝ հասնելով մի քանի հազարի։ Սա մեծագույն խնդիր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլև ամբողջ աշխարհի։ Արդյո՞ք ոստիկանության ստորաբաժանումները տեխնիկապես վերազինված են, համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն արդյո՞ք տիրապետում են ժամանակակից գործիքներին և վերապատրաստումներ անցնո՞ւմ են, թե ոչ»,-ասաց պատգամավորը։

ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի խոսքով՝ մեծ աշխատանք է կատարվում թմրամիջոցների շրջանառության դեպ պայքարի ուղղությամբ։

«2023 թվականի հունվարի մեկից առ այսօր ՆԳՆ ոստիկանության կողմից արձանագրվել է 324 դեպք, որից 122-ը իրացման դեպք, 150-ը՝ պահելու։ Նշված դեպքերից մոտ 45 հատը սինթետիկ թմրանյութեր են։ Իրոհ մտահոգիչ է, ես համողված եմ, որ ապօրինի թմրանյութերի շրջանառության մեծ ծավալներ են առկա, այդ իսկ պատճառով 2022 թվականը հայտարարվել էր թմրամիջոցների դեմ պայքարի տարի»,-նշեց Վահե Ղազարյանը։

Նա ընդգծեց, որ մի շարք աշխատանքներ են իրականացվել, մշակվել է ռազմավարության ծրագիր, որպեսզի թմրամիջոցների դեմ պայքարն ավելի արդյունավետ լինի։

«Համագործակցում ենք միջազգային կառույցների հետ, ուսումնասիրում ենք այլ երկրների արդյունավետ փորձերը, որի արդյունքով նպատակ ունենք օրենսդրական փոփոխություններ իրականացնել, անչափահասների և երիտասարդության շրջանակներում բացատրական աշխատանքներ ենք իրականացնում։ Սահմանային անցակետերում նախատեսում ենք ուժեղացնել հսկողությունը, որին կներգրավվեն վարժեցված հատուկ շներ։ Այդ չարիքի դեմ պայքարի ուղղությամբ ակնկալում ենք հանրության աջակցությունը»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ 2022 թվականին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին։ Նախատեսվում է ընդլայնել այդ բաժինը՝ դարձնելով վարչություն։