Search
Close this search box.

«Ոչ, մարտի 1-ը բացահայտված չէ բացարձակապես. միտումնավոր կոծկված, ջրված, փակված է»․ Արամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Իսկ Դուք ի՞նչ եք կարծում ՝մարտի 1-ը բացահայտվա՞ծ է: Ախր էս ձևի հարց չի կարող առաջանալ»,- հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ մարտի 1-ը բացահայտվա՞ծ է, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ մարտի 1-ը բացահայտված է, այսպես արձագանքեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Արամ Մանուկյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԱԿ անդամներն այսօր մասնակցեցին հոգեհանգստի արարողության և երթի՝ ի հիշատակ մարտի 1-ի զոհերի:
Արամ Մանուկյանը փաստեց՝ գործը բացահայտված է լինում, երբ դատ է լինում, դատավճիռ կայացվում։ Ի՞նչ վճիռ է կայացրել դատարանը, ովքե՞ր էին կազմակերպիչները և մասնակիցները, ովքե՞ր էին իրականացնողները և ի՞նչ պատիժ ստացան: Նրա կարծիքով՝ երբ այս հարցերի պատասխանը լինի, միայն այս դեպքում կարող ենք ասել, որ ոճրագործությունը բացահայտված է։

Հակադրվելով Նիկոլ Փաշինյանի կարծիքին՝ Արամ Մանուկյանն ասաց․ «Ոչ, մարտի 1-ը բացահայտված չէ բացարձակապես։ Միտումնավոր կոծկված, ջրված, փակված է: Ընդ որում, դա արված է և′ ֆորմալ ձևով, և′ դատարանի միջոցով, ՍԴ միջոցով, դատավորների առաջխաղացման, նախարարների նշանակման միջոցով: Եվ նայեք այսօրվա խորհրդարանի կազմը, կտեսնեք՝ ովքեր էին իրականացնողները և ինչու էին այդտեղ: Որտեղ պետք է լինեին մարդիկ, որոնք մարտի 1 են իրականացրել և ովքեր էին այն մարդիկ, որոնք բռնվել և հանկարծ հայտնվել են արտասահմանում: Չէ, հո ասեղ չէ՞՝ պարկում թաքցնես։ Ո՞վ չգիտի՝ մարտի 1-ի հեղինակներն ովքեր էին, ովքեր են կրակել, կեղծել։ Պետական համակարգ էր, հո հանցավոր խումբ չէ՞ր։ Պետական համակարգը կազմակերպեց այդ ոճիրը: Գրքերով, ֆիլմերով, հազարավոր վկաներով, ցուցմունքներով փաստաթղթավորված է»։

Հարցին՝ որ ասում եք՝ կոծկված է, այսինքն՝ նաև այս իշխանությո՞ւնն է կոծկել, Արամ Մանուկյանը պատասխանեց․ «Անշուշտ, ՍԴ վճիռը բավարար էր, որի շնորհիվ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հայտնվեին իրենց խմբակցություններով խորհրդարանում։ Եթե դատված լինեին, և մարտի 1-ի գործը գոնե դատարան հասած լիներ, ինչո՞ւ պիտի նրանք խորհրդարանում լինեին: Ո՞վ տարավ նրանց խորհրդարան, Նիկոլ Փաշինյանը, նրա ՍԴ-ն, իր իսկ նշանակած դատավորները։ Սա նույնիսկ քննարկելու, կարծիք ասելու բան չէ»։

Դիտարկմանը՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը համագործակցում է Ռոբերտ Քոչարյանի հե՞տ, թե՞ ուղղակի դա Նիկոլ Փաշինյանի բացթողումն էր, Արամ Մանուկյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանին շատ ձեռնտու էր, որ Ռոբերտ Քոչարյանը լիներ ընդդիմություն: Ռոբերտ Քոչարյանին ևս ձեռնտու էր, քանի որ նա չէր կարող ամենաքաղցր երազում անգամ մտածել, որ ինքը կունենա 38 հոգանոց խմբակցություն և իր բիզնեսները չէին պակասի, թիմը չէր պակասի։ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը սիամական զույգի նման պահում են իրար: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդքան ձայն ստացավ, որովհետև կազմակերպեց, օգնեց, որ Ռոբերտ Քոչարյանը հզոր հանրահավաք կազմակերպի և ժողովուրդը վախենա, թե տեսեք՝ ով է գալիս, գնա, Նիկոլին ընտրի։ Այնքան պարզունակ է»։

Իսկ թե ի՞նչ պիտի անի հասարակությունն այս իրավիճակից դուրս գալու համար, Արամ Մանուկյանն ասաց․ «Հասարակությունը խխունջի նման մտել է իր մեջ։ Հուսանք՝ շուտ դուրս կգանք այս մղձավանջից։ Կորցնում ենք այն վաստակը, որ հազարավոր զոհերի ու ժողովրդի տանջանքի արդյունքում ենք ձեռք բերել: Ես դրա մասին եմ մտածում: Չենք կարող այսպես երկար ձգել»։