Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այ տղա, էս եկել ես ստեղ էս ի՞նչ հեքիաթներ ես պատմում․ իրավիճակը լարվեց Սերժ Սարգսյանի գործով դատական նիստում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրում մեկնարկել է հերթական նիստը։ Սերժ Սարգսյանը , հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Մեղադրանքը չեն ընդունում նաև այս գործով մյուս 4 մեղադրյալները՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը:

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։ Նիստին Մասնակցում են նաև Սերժ Սարգսյանն ու Բարսեղ Բեգլարյանը։ Քիչ առաջ իրավիճակը լարվեց դատական նիստերի դահլիճում, երբ ելույթ էր ունենում Ենոք Ազարյանը՝ դիմելով մեղադրող դատախազին։

«Ոնց երևում է, էս ամենը քո համար էլ պիտի կարդանք։ Երևի լավ չես հասկանում, քեզ ասում եմ ՝ հարցերդ կոնկրետ տուր։ Այ տղա, ես քեզ ասում եմ իրավագիտության դոկտոր եմ, դու եկել ես ստեղ, էս ի՞նչ հեքիաթներ ես պատմում։ Ի՞նչ վարքագիծ, պրն դատավոր։ Դե բա եթե մարդը լավ չի հասկանում, էլ ես ո՞նց վարվեմ»,- ասաց Ենոքյանը։

«Պրն Ազարյան, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դատախազն էլ ունի գիտական աստիճան։ Ու ձեր գիտական աստիճանը ամենևին ձեզ իրավունք չի տալիս մարդկանց հետ խոսել ոչ նորմալ կերպով։Դուք ցուցմունք տվող վկա եք։ Երբ որ ձեզ հարցեր են տալիս, բարի եղեք դրանց պատասխանեք հնարավորինս հստակ»,- ասաց դատավորը՝ դիմելով Ենոքյանին։