Search
Close this search box.

Ինչի՞ օգտին է հանդես գալիս Ռուսաստանը. մանրամասներ՝ Հայաստանի ու ՌԴ վարչապետների հանդիպումից

Ռուսաստանը հանդես է գալիս Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման օգտին, նոր երթուղիների ստեղծումը համապատասխանում է բոլորի շահերին։ РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Հինգշաբթի նա բանակցություններ է վարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարևոր ենք համարում ապահովել այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից», – ասել է Ռուսաստանի նախարարների կաբինետի ղեկավարը: ՌԴ կառավարության նախագահը նշել է, որ «նոր տրանսպորտային, ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին»:

Փաշինյանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում»։ Բացի այդ, նա ընդգծել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար անվտանգության ոլորտում առանցքային գործընկեր է»: