Search
Close this search box.

Ինչ է տեղի ունեցել գիշերը. նոր տեղեկություններ

Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում «Սուրբ Գիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Հ․-ն է։Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվում, որ «շեք շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Ի․ Մեսրոպյանն ու Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 58-ամյա Արայիկ Մ․-ն է։Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ոստիկանության Ավանի բաժանմունքի և ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ, պարզում են դեպքի վայրը, որտեղ նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Ալոյանն ու կրտսեր պարեկ Իլյա Սարգսյանը սահմանազատում են տարածքը և տեղում կատարում ծառայություն։

Պարզվում է, որ ժամը 21։00-ի սահմաններում Տաշքենդի փողոցի 2/8 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 40-ամյա Վարդան Դ․-ն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառում նշված անձանց, ապա դիմում փախուստի։Դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Վարդան Դ․-ին և հանցագործություն գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները աշխատում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։ Եվ երեկ, կեսգիշերին վիրավորներին է այցելել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։