Search
Close this search box.

Որ երկիրն է ուղղորդել Իրանի դեմ հարձակումները

Իրանը չի շտապում նշել հունվարի 29-ին երկրի երեք օբյեկտների դեմ հարձակումներ իրականացրած երկրի կամ երկրների անունները, իրանական եւ արտերկրի մամուլում քննարկվում են տարբեր վարկածներ։ Միաժամանակ, հղում անելով Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին մոտ կանգնած աղբյուրներին, իրանական մամուլը գրում է, որ Իրանի անվտանգության ուժերը հայտնաբերել են անօդաչու թռչող սարք արտադրողին, որով հարձակում է իրականացվել Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա։

Ռազմական փորձագետները նշում են, որ երկրի խորքում նման գործողություն իրականացնելու համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ՝ հետախուզական խոր ներթափանցում, ռազմական օբյեկտների ճշգրիտ տվյալներ, տեղական կամ ներդրված խմբեր, որոնք ուղղորդում են հարվածները, սահմանակից երկրներում համապատասխան կարողությունների առկայություն եւ այլն։ Իսրայելի նման հնարավորությունների մասին են վկայում նախկինում Իրանի դեմ հարձակումները, այդ թվում՝ «Ադրբեջանից»։ Ռեշտի օբյեկտի դեմ վերջին հարձակումն ամենայն հավանականությամբ կառավարվել է հենց այդտեղից, ինչի մասին ակնարկ կա զլմ-ներում։

Ռուսաստանին Իրանի ռազմական մատակարարումների եւ այդ հարցում երկու երկրների միջեւ որոշակի խնդիրների վերաբերյալ զլմ-ների հրապարակումների ֆոնին, ուշագրավ է ռուսական համացանցում քննարկվող այն տեղեկությունը, թե իրանական օբյեկտների վերաբերյալ տվյալներն Իսրայելին կարող էր փոխանցել Կրեմլը։ Խոսքը մասնավորապես անօդաչուների գործարանի մասին է։

Սա չի բացառվում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի դեմ 2020-ի աշնանից ՌԴ նախաձեռնած եւ իրականացվող արշավն ուղղված է նաեւ Իրանի դեմ։ Իրանը ներկայում դիմադրում է ՀՀ հարավի օկուպացիայի ռուս-թուրքական-իսրայելական ծրագրերին, որոնք ուղղված են Իրանի լիակատար շրջափակմանը եւ սպառնում են նրա ամբողջականությանը։

Մյուս հանգամանքը կապված է Հայաստանի դեմ ռազմական արշավի իրողությունների հետ։ Թե Արցախում, թե ՀՀ այլ շրջաններում Բաքվի հարձակումներն ուղեկցվում էին հայկական դիրքերին ու ռազմական տեղակայումներին ճշգրիտ հարվածներով, իսկ հայկական ՀՕՊ-ը, որն իրականում հայ-ռուսական միացյալ կառույց է, պարբերաբար «անջատվում» էր։ Ակնայի ռուս-թուրքական հետախուզական համատեղ կենտրոնից իրականացվում է ՀՀ տարածքի խորքային հետախուզություն, այդ կենտրոնից են ուղղորդվում հարձակումները։

Քպ-ական իշխանությունը «բանակի բարեփոխումների» շրջանակում լուծում է բոլորովին այլ խնդիրներ, որոնք բխում են «խաղաղ օրակարգից»՝ ՀՀ պետականության վերացման ագենտուրային պարտավորություններից՝ «ինստիտուցիոնալացման, մարտահրավերներին ասիմետրիկ պատասխանի եւ կարկատաններից հրաժարվելու» միջոցով։

Lragir.am