Search
Close this search box.

ՀՀ քաղաքացիներին կարգելեն դոլարով ու եվրոյով վարկեր ստանալ

Բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաև արտարժույթով:

Համապատասխան դրույթ է նախատեսվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ։ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ հարցը քննարկվեց Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Ներկայումս ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են ցանկացած արժույթով ստանալ հիպոտեկային վարկեր: Գեւորգ Պապոյանի խոսքով արտարժույթի տատանումների հետեւանքով վարկերի մարման մասով մեծ ռիսկեր են առաջանում: «Հայաստանում փոխարժեքը լողացող է, և ԿԲ-ն ու Կառավարությունը չունեն այն ֆիքսելու որևէ քաղաքականություն: Մենք չենք պատրաստվում դրան ոչ միջամտել, ոչ էլ մեր պահուստային ռեզերվները ծախսել փոխարժեք պահպանելու վրա»,- ընդգծել է համահեղինակը և հավելել` քաղաքացիներին միայն դրամային վարկեր տրամադրելու միջոցով հնարավոր կլինի նվազեցնել ռիսկերը:

Խոսելով պարտքի վարման պետական քաղաքականությունից` Գեւորգ Պապոյանը նշեց, որ պետությունը հնարավորինս շատ պարտք ներգրավում է դրամով և հնարավորինս քիչ` արտարժույթով: Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը բարձրաձայնել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը: Նրա խոսքով քննարկումների ընթացքում բանկերի ներկայացուցիչները ներկայացրեցին դիտարկումներ: «Ներկայումս կան 133 մլրդ դրամի արտարժույթով հիպոտեկային վարկեր»,- ընդգծեց զեկուցողը: Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: