Search
Close this search box.

ՌԴ խաղաղապահ զորակազմի ծառայողները Արցախի տնտեսվարողներից վերցրել են գումարը, առգրավել գույքը և հրաժարվում են վերադարձնել

Փաստաբան Ռոման Երիցյանը Ֆեսյբուքի իր էջում գրել է․

Արցախի մի շարք տնտեսվարող սուբյեկտներից քիչ առաջ տեղեկացել եմ, որ բավականին զգալի չափով գումարային հատուցման դիմաց վերջիններս մոտ 35 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի (հեռախոս, համակարգիչ, աքսեսուարներ, սննդամթերք, առաջին անհրաժեշտության օգտագործման գույք և այլն) տեղափոխման աշխատանքներ են փորձել ձեռնարկել ՌԴ խաղապահ զորամիավորման որոշ ծառայողների օգնությամբ, ովքեր իրենց հերթին գույքի տեղափոխման դիմաց վճարն ստանալով հանդերձ, առգրավել են փոխանցման ենթակա գույքը և ներկայումս հրաժարվում են տրամադրել տնտեսվարողներին։

Այնուհետև խաղաղապահ զորամիավորման բարձրաստիճան պաշտոնատար անձինք խոշոր չափերի (3 մլն ՀՀ դրամ) դրամական միջոցներ են սկսել շորթել տնտեսվարողներից՝ հարցին լուծում տալու նպատակով, սակայն ստանալով մերժում, տնտեսվարողներին տեղեկացրել՝ իբր գույքի մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը դարձել նպատակային նշանակությանն անպիտան։

Ներկա դրությամբ խաղաղապահ զորամիավորման պատասխանատու անձինք հրաժարվում են անգամ հանդիպել տնտեսվարողների հետ՝ վերջիններիս առաջարկելով սպասել մինչև հարցին կտրվի որևէ լուծում։ Պատասխանատու անձանցից մեկն էլ տնտեսվարողներին առաջարկել է փոխանցել պիտանի մնացորդ գույքը, որի արժեքն ուղղակի անհամեմատելի է, իսկ մնացորդի մասին մոռանալ և այլևս զերծ մնալ նման գործողություններից։

Հետգրություն․ Առկա են թե՛ գույքի փոխանցման, թե՛ գույքի արժեքի, թե՛ գումար շորթելու, թե՛ գույքի ոչնչացված լինելու մասին կեղծ հայտարարություն տալու, թե՛ գույքը յուրացնելու և թե՛ այլի վերաբերյալ հստակ ապացույցներ։