Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը նախազգուշացում էր Հայաստանին

Եվ կադրերի պակասի խնդիր կա, եւ տվյալ կառույցների թուլացման, հեղինակազրկման խնդիր կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԳ փոխնախարար է նշանակվել Վահան Կոստանյանը, նաեւ խոսակցություն կա, որ ՄԻՊ-ի պաշտոնից հեռացած Քրիստիննե Գրիգորյանը նշանակվելու է արտաքին հետախուզության ծառայության ղեկավար:

«Նշանակություն չունի X-ն է այդտեղ դրված, թե Y-ը: Նրանք երկուսն էլ այդտեղ դրված են ոչինչ չանելու համար: ԱԳՆ-ն Հայաստանում եղել է կայացած կառույց: Բացթողումներ ու թերություններ եղել են: Բայց այսօր մենք գիտե՞նք, թե ինչ է անում մեր ԱԳՆ-ն, ինչ են անում մեր դեսպանները:

Մյուս կողմից Արտաքին հետախուզական ծառայությունը ցանկացած երկրի կարեւորագույն օղակներից մեկն է, դրա համար Հայաստանում այդ պաշտոններին եղել են միմիայն բարձր պրոֆեսիոնալներ: Ես չգիտեմ այն անձի կարողությունները, որին ուզում են այդ պաշտոնում նշանակել, բայց ինձ էլ ոչինչ չի զարմացնում: Այստեղ անձանց հարցը չէ, կուրսի հարցն է, թե ինչ են ուզում անել: Իսկ իրենք ուզում են ամբողջ պետական համակարգի կազմաքանդում»,-ասաց նա:

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը, որտեղ ասվում է, որ ռուս սահմանապահներն ու խաղաղապահները կարձագանքեն Հայաստանում ԵՄ դիտորդների հայտնվելուն՝ վերլուծելով իրավիճակը տեղում, Բշտիկյանն ասաց, որ ՌԴ նման արձագանքը հասկանալի է. «Այստեղ ամբողջ հարցն այն է, թե Հայաստանը արտաքին իր գործընկերների ամբողջ պալիտրայի մեջ ինքն իրեն որտե՞ղ է դնում»:

Նա հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ Արցախի հարցում եւ Լաչինի հարցում Հայաստանն անելիք չունի, եւ այդ հարցը ռուսական խաղաղապահների տիրույթում է գտնվում, միաժամանակ դիմում են ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու այն տեղ, որտեղ ըստ իրենց, ռուս խաղաղապահների տիրույթն է, անհասկանալի է:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ հայտարարությանը, որտեղ նշված է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայելը աշխարհաքաղաքական առճակատում կարող են ստեղծել, Բշտիկյանն ասաց, որ սա նախազգուշացում է եւ պարտավորությունների մասին հիշեցում. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կա, եւ փորձել դա դարձնել աշխարհաքաղաքական խնդիր, որտեղ խաղացողները այլ են եւ շահերն են այլ, դա կարող է վտնգավոր հետեւանքներ ունենալ նախեւառաջ մեզ համար»: