Search
Close this search box.

2010-2023 թթ. ՀՀ զինված ուժերում դժբախտ պատահարների հետևանքով զինծառայողների մահացության վիճակագրություն

ՀՀ Զինված ուժերում դժբախտ պատահարների հետևանքով զինծառայողների մահացության թվերը շարունակում են մտահոգիչ մնալ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի (այսուհետ՝ նաև Կազմակերպություն) հավաքագրած տեղեկությունների համաձայն՝ 2010 թվականից մինչև 2023 թվականի հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածում դժբախտ պատահարների ու ավտովթարների պատճառով մահացել է 209 զինծառայող։

209 դեպքերից ընթացքում միայն դժբախտ պատահարների հետևանքով զինծառայողների մահացության դեպքերի թիվը 76 է (36 %), իսկ ավտովթարի հետևանքով՝ 133 (64%):

Թիվը ներառում է 2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառով մահացած 15 զինծառայողներին։

Կազմակերպության ունեցած տեղեկությունների համաձայն՝ նշված դեպքը առաջինն է, երբ նման մեծ թվով զինծառայողներ են մահանում դժբախտ պատահարի հետևանքով։ Մինչ այժմ ՀՀ զինված ուժերում մեկ միջադեպի հետևանքով մահացած զինծառայողների առավելգույն թիվը 4-ն է. դեպքերը ավտովթարի հետևանքով են՝ 2012, 2015, 2018 և 2020 թվականներին։