Search
Close this search box.

«Դիրքերում վեճ է եղել, հայհոյանքներ են հնչել»․ ԱԱԾ ՍԶ-ում ծառայող զինվորի ծնողները բացառում են իրենց որդու ինքնասպանության վարկածը

ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի մահվանից մեկ ամիս անց ծնողներին հայտնի չէ՝ իրենց որդու մահվան հանգամանքերը։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 04:20-04:40-ի հատվածում։ Պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը Դանիելյաններին որևէ պատճառ չեն ներկայացրել։ Forrights.am-ին ՔԿ-ից 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ինքնասպանության դրդելու հանգամանքով։ Կարենի վնասվածքը եղել է գլխի շրջանում, նրա դին ծնողներին փոխանցվել է գլուխը փակ։

Կարենի հայրն ու մայրը պաշտոնական վարկածը բացառում են։

«Չեմ պատկերացնում, որ ինքը նման քայլի գնար, իր տեսակով ընկճվող չէր, ընկերներով շրջապատված, կենսուրախ երիտասարդ էր։ Ես վստահ եմ, որ ինքն ինքնավնասման չէր գնա, այդ մարդը չէր»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց մայրը՝ Արմինե Դանիելյանը։

Կարեն Դանիելյանը դժբախտ պատահարից առաջ «տագնապ» հրամանով բարձրացել է դիրքեր՝ իր հետ եղել են դիրքի ավագը և ևս երկու ժամկետային զինծառայող։ Ծնողների փոխանցմամբ՝ դիրքեր են բարձրացել, քանի որ թշնամու կողմից նախաձեռնվող դիվերսիայի վերաբերյալ տեղեկություն են ունեցել։ Հոր՝ Վարդան Դանիելյանի խոսքով՝ դիրքերում զինվորների միջև կոնֆլիկտ է եղել։ Նրան քննության ընթացքի վերաբերյալ որոշ տեղեկություններ է հայտնել քննիչը։

«Երկու զինծառայողների հարցաքննությունից պարզ է դարձել, որ մինչև դեպքը չորսի միջև խոսակցություն, վիճաբանություն է եղել։ Հետո երկու զինծառայողները գնացել են հանգստանալու։ Այդ ընթացքում դիրքեր է եկել մի ենթասպա, նա մարտկոց է փոխել, որից հետո մնացել են Կարենն ու դիրքի ավագը։ Դեպքից երեք օր անց դիրքի ավագը հայտնել է, որ հայհոյանք է եղել իրենց միջև, քնելու հետ կապված խոսակցություն է եղել, երդում են կերել, թե դրանից հետո ինչ է եղել, մեզ չեն ասել։ Ըստ դիրքի ավագի՝ դեպքից 15 րոպե առաջ Կարենը ծխախոտ է վերցրել ու միայնակ դիտակետում է եղել։ Այնուհետև կրակոցի ձայն է լսվել, դիրքի ավագը ասել է․ «Պոնչը իրեն խփեց»»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Կարենի հայրը՝ նշելով, որ չորս զինծառայողների զենքերն էլ ուղարկվել են փորձաքննության։ Առայժմ որևէ փորձաքննության եզրակացություն հայտնի չէ։

Ծնողները շեշտում են, ճշմարտությունը կարող է դիրքի ավագը պատմել, բայց գրեթե հույս չունեն, որ նա իրականությունը կասի։ Հայրն ու մայրը նշեցին, որ դիրքի ավագն այժմ մեկուսացված է, նրա հետ խոսելու հնարավորություն չունեն։ Մեկ ամիս անց գործով կասկածյալներ ու մեղադրյալներ, ըստ նրանց, չկան։ Կարենի հայրը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։

Ծնողները դեպքի նախորդ երեկոյան են խոսել Կարենի հետ, անհանգստություն չեն նկատել, ոչ այդ պահին, ոչ դրանից առաջ։ «Վերջին անգամ դեկտեմբերի 13-ին ենք խոսել, երեկոյան՝ 11:30-ին։ Զանգեց, փոքր քույրիկի հետ խոսեց, միասին դաս էին անում, բառեր էին ասում։ Ես էլ եմ խոսել, շատ ուրախ էր։ Հաջորդ օրն առավոտյան արդեն լուրն իմացանք»,-ասաց մայրը։

Արմինե Դանիելյանը նշեց՝ կասկածներ ունի, որ ինքնասպանության հոդվածն են դրել, որ գործը փակեն, սակայն, ընտանիքը պայքարելու է բացահայտման համար։ Նա նաև հրամանատրության թերացման մասին է խոսում։ Շեշտում է, որ այդ պահին զինվորների հետ հրամանատար չի եղել, անմիջական հրամանատարն անգամ ծնողների հետ չի հանդիպել, իսկ թե այդ պահին որտեղ է եղել՝ հայտնի չէ։

«Ես ուզում եմ, որ ճիշտը պարզվի, ովքեր որ մեղավոր են, պատասխան տան։ Իմ ակնկալիքն այն է, որ չխաբեն, չփակեն, չծածկեն այս գործը, այլ մեղավորները պատասխան տան։ Առաջին հերթին հրամանատարությունն է պատասխանատում իմ էրեխու համար։ Հրամանատարը հետները չի եղել, պատասխանատուն հենց հրամանատարն է, բայց մենք իրեն ոչ էլ տեսել ենք։ Եթե անգամ զինվորը հասել է ինքնավնասման, նշնակում է, որ ինչ-որ ճնշում է եղել, իսկ որտե՞ղ էին իրենք, որ չէին տեսնում զինվորի հոգեվիճակը, որ նման բան կա, ինչը ես բացառում եմ։ Չեմ հավատում, որ քննությունը նորմալ կընթանա, իրենց ձեռնտու է ինքնավնասման տարբերակը, որ լռեցնեն, ես պայքարելու եմ»,-ասաց մայրը։

Առաջին անգամը չէ, երբ զինված ուժերում ժամկետային զինծառայողներն առանց հրամանատարի հսկողության են մնում, իսկ միջանձնային խնդիրների հետևանքով տեղի ունեցած դժբախտ պատահարները որակվում են ինքնասպանություն։ «Դեպքերը շատ-շատ են լինում ու նույն ձևով պիտակում են ինքնավնասում, ծնողներին սթրեսի մեջ թողնում»,-ասաց մայրը։

Կարենը 5 ամսվա ծառայող էր, 19 տարեկան։ Սյունիքի դիրքերում է դեպը տեղի ունեցել։

Կարեն Դանիելյանի մահվան վերաբերյալ ոչ ԱԱԾ-ն, ոչ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել։ Ընտանիքին միայն ԱԱԾ երկու գնդապետ է այցելել ու հայտնել դժբախտության մասին։

Կարենը մասնագիտությամբ խոհարար էր, ապրում էր Հրազդանում։ Ծառայության սիրով է մեկնել՝ չսպասելով քոլեջում ուսումնն ավարտելուն։ Ծննդավայրում նաև շախմատի առաջնությունների է մասնակցել։

forrights.am