Search
Close this search box.

ԱՀԿ-ն կոչ է արել գործողություններ ձեռնարկել հազի օշարակի պատճառով 300 երեխայի մահվանից հետո

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել «անհապաղ և համաձայնեցված գործողություններ» ձեռնարկել երեխաներին վնասակար դեղամիջոցներից պաշտպանելու համար: ԱՀԿ-ի այս հայտարարությանը նախորդել են հազի օշարակների պատճառով մի շարք երկրներում երեխաների մահվան դեպքեր: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է The Guardian պարբերականից:

ԱՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2022 թ.-ին Գամբիայում, Ինդոնեզիայում և Ուզբեկստանում ավելի քան 300 երեխա (հիմնականում մինչև 5 տարեկան) մահացել է երիկամների սուր վնասումից, որն առաջացել է վնասակար նյութեր պարունակող դեղամիջոցների ընդունումից:

Մասնավորապես, երեխաներն ընդունել են առանց դեղատոմսի վաճառվող հազի օշարակներ, որոնց մեջ եղել է մեծ քանակությամբ դիէթիլենգլիկոլ և էթիլենգլիկոլ:

«Այս նյութերը թունավոր քիմիկատներ են, որոնք օգտագործվում են որպես արդյունաբերական լուծիչներ և հակասառեցնող նյութեր, որոնք կարող են մահացու լինել նույնիսկ փոքր քանակությամբ օգտագործման դեպքում, և երբեք չպետք է լինեն դեղամիջոցներում», – հայտարարել է ԱՀԿ-ն: