Search
Close this search box.

Հրատապ հարցեր. նոր հաղորդագրություն Արցախից

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ներկայացվել է կտրոնային համակարգի անցման հետ կապված իրավիճակը: Նշվել է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բացահայտվում են գործընթացի հետ կապված խնդիրները, տեսչական և վերահսկող մարմինների կողմից արագ արձագանք է լինում բնակչության ահազանգերին (ինչպես մատակարարված բրինձի տեսակներից մեկի դեպքում), և փորձ է արվում դրանց հնարավորինս արագ լուծումներ տալ:

Ընդհանուր առմամբ դրական համարելով համակարգի ներդրման ընթացքը՝ պետնախարարը հանձնարարել է ամփոփել և ներկայացնել գործընթացի ընթացքում ի հայտ եկած խնդիրները:

Օպերատիվ շտաբը նաև կոչ է արել բոլոր քաղաքացիներին՝ ստանալ պարենային հինգ ապրանքատեսակների վաճառքի կտրոնները, որպեսզի մատակարարումները կատարվեն համապատասխան սահմանաչափերով:

Նիստում ներկայացվել է նաև էներգամատակարարման և գազամատակարարման հետ կապված ընթացիկ իրավիճակը: Նշվել է, որ ադրբեջանական կողմի միջամտությամբ Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի խափանման և գազամատակարարման՝ պարբերական դարձած անջատումների պայմաններում ՝ էլեկտրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել: Փաստացի էլեկտրաէներգիայի մատակարարումը ներկայումս իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին, ինչի պատճառով համակարգը շատ ծանրաբեռնված է, ավելանում են վթարների թիվը: Այս իրավիճակում ոլորտի պատասխանատուները հորդորում են բնակչությանը՝ առավելագույնս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան:

Նիստի ընթացքում զեկուցվել է նաև դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: