Search
Close this search box.

Գժվել ե՞ք, սենց ե՞նք պատրաստվում դիմադրել Ալիևին և Էրդողանին

Մհեր Հակոբյանը գրում է․

«Գորիսի տարածաշրջանի ողջ երկայնքով «ՈՄԱ Գորիս»-ը կրակային կետեր ու խրամատներ է կառուցելու։ Այդ թվում՝ Ներքին Խնձորեսկում»,- հայտնում է ֆեյսբուքային նյուզֆիդս,- «Մենք մեր տունն ենք ամրոց սարքում ու պաշտպանում: Անձնապես խնդրում եմ բոլորիդ անցնել հղումով ու նվիրաբերել, որ տեխնիկան ամեն օր կարողանա աշխատել»։

Հիմա ես 25 տարվա իրավաբանս կամ ՄԻ ԲԱՆ ԼԱՎ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԿԱՄ ՄԻ ԲԱՆ ԻՐՈՔ ԱՅՆ ՉԷ: Պետությունն ու պաշտպանության նախարարությունը… վերացել ե՞ն, վերադարձել ենք XIX դարի վերջի ինքնապաշտպանական սկզբունքների՞ն:

Ամենայն հարգանով ՈՄԱ գործունեությանը, բայց… կներեք, ՈՄԱ-ն Ո՞Վ Է, որ կրակային կետեր ու խրամատներ կառուցի: Մյուս կողմից՝ եթե ՈՄԱ-ն է կառուցում և զուտ Գորիսում, ապա հավանական է կարծել, որ պաշտպանական այս ենթահամակարգը դուրս է Սյունիքի և ՀՀ արևելյան պաշտպանական ողջ համակարգից՝ տեղայնական պաշտպանություն զուտ Գորիսի համար: Իսկ կառուցողներն ունե՞ն անհրաժեշտ գիտելիքներ, իսկ նրանք տեղյակ ե՞ն ՀՀ արևելյան պաշտպանական շրջանի ԳԱՂՏՆԻ համակարգից: Եթե տեղյակ են, ուրեմն պետական գաղտնիք է խախտվել, եթե տեղյակ չեն, ապա… ո՞նց են կառուցում:

Տղերք, մարդիկ հավաքվել և որոշել են, որ մարդկային մեծ խմբերի կազմակերպման ամենաարդյունավետ ձևը ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ է՝ իր պետական կառավարմամբ: Մենք ունենք պետություն, որն ունի կառավարման մարմին՝ պաշտպանության նախարարություն: Ինչո՞ւ է ՈՄԱ-ն կառուցում դիրքեր, որևէ մեկը կարող է՞ ինձ բացատրել: Է Միանգամից բանակն էլ ցրեք, ջոկատներ կազմեք, ամեն մեկդ ձեր գյուղում ու քաղաքում նստեք, վերջացնենք հարցը:

Դե իսկ վերջում ընդհանրապես տխուր է՝ թե բա… ՓՈՂ ՏՎԵՔ, ԹԵ ՉԷ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱ ԱՎԱՐՏԵԼ ԳՈՐԾԸ: Փող չկա… (այստեղ, մեղմ ասած՝ զայրույթ) — Երևանի կենտրոնի զարդարման, թանկարժեք ծառայողական մեքենաների ու դրանց սպասարկման և պարգևավճարների համար փող կա, սրա համար… չկա՞: Լո՞ւրջ, էս լուրջ ե՞ք ասում:

Ու փաստորեն եթե փող չհավաքվի, տեխնիկան չի աշխատի և ինչ որ պաշտպանական շրջան չի ստեղծվի՞, կրակային կետեր ու խրամատներ չեն փորվի՞: Սենց ե՞նք պատրաստվում դիմադրել Ալիևին և Էրդողանին:
Գժվել ե՞ք:
Հ.Գ. Ես ինձ մեջտեղից պատռում եմ, թե մեզ համակարգ է պետք, մեր համակարգը վատ է գործում, այստեղ ոչ միայն չեն մտածում համակարգը կարգավորելու մասին, այլև համակարգն են քանդում և համակարգից դուրս քայլեր են անում:
Հ.Գ.Գ. Իմ կողմից հարգված տղերքից մեկն էլ քիչ առաջ հպարտությամբ հայտնում էր, թե ՍԱՀՄԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՋՈԿԱՏ Է ՍՏԵՂԾԵԼ: ՀՀ բանակը 31 տարեկան է և… ջոկատ է ստեղծվում, որ սահման պահվի, վերադարձ է արվում ջոկատներին՝ կանգնիր, աշխարհ, իջնող կա, ԵՐԵՎԻ ԵՍ ԻՆՉ ՈՐ ԲԱՆ ԻՐՈՔ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ…