Search
Close this search box.

Միայն Ալեն Սիմոնյանի մեքենայի գնով ամբողջ առաջնագիծը կարելի էր կահավորել ու դարձնել կարևոր հենակետային կետեր

15 զինվորի ողբերգական մահվան դեպքի հետ կապված պաշտոնանկություններ եղան, բայց հասարակության մոտ կա պահանջ, որ մեղավորներն օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատժվեն։ Պատիժներ կլինե՞ն։Lragir.am-ի հարցերին պատասխանել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը

Որևէ կորպուսի հրամանատար, որևէ սպա, քանի դեռ իրեն չես ապահովում թիկունքի ամրաշինական նյութերով, չի կարող իրականացնել ինժեներական լուրջ աշխատանքներ։ Որտեղի՞ց, ի՞նչ է արվում։ Իհարկե, քաղաքացիները օգնում են, մեզնից խնդրում են, տանում ենք քար, ցեմենտ, ավազ, բայց դրան հաջորդում են ծառայողական քննությունները, պատիժները։ Փոխանակ իրենք այդ ամենն ապահովեն, մարդիկ իրենց փոխարեն փորձում են ելքեր գտնել, բայց ելքը դառնում է իրենց պատիժը։ Եթե իրենց պատժում են, ի՞նչ պայմաններ պետք է ապահովեր Երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը։ Իսկ ինչո՞ւ գերագույն հրամանատարը նախորդ տարեվերջին չէր այցելել հենց այս զորամաս։ Նա գնացել էր այնտեղ, որտեղ քաղաքացիների գումարներով կառուցել էին առաջնագիծը, և ինքն էլ սիրուն-սիրուն նկարվում էր։ Ի՞նքն է կառուցել այդ առաջնագիծը, Տավուշի մարզի առաջնագիծն իրե՞նք են կառուցել։ Ստացականներով ու չեկերով ամբողջ ինֆորմացիան կհանրայնացնեմ, որ խայտառակ լինեն ու գետինը մտնեն։ Առանց ամոթի գնում ու նկարվում են, քանի՞ քար կամ քանի՞ տոննա ցեմենտ ես դու տարել այդ առաջնագիծ, որ դու, Սուրեն Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը գնում ու նկարվում եք։ Միայն Ալեն Սիմոնյանի մեքենայի գնով ամբողջ առաջնագիծը կարելի էր կահավորել ու դարձնել կարևոր հենակետային կետեր։

Ցանկացած նման քննադատության դեպքում իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ հասարակության օգնության կարիքը չկա, քանի որ բանակի կարիքները հոգում է պետությունը։

Իհարկե, ըստ իրենց, բանակը կարիք չունի, որովհետև սպան վախենում է ասել, թե ինչի կարիք ունի։ Երբ սպային ինչ-որ օգնություն ենք տանում, վախենում է ստացական տալ, որովհետև գիտի՝ դրան հաջորդելու է իր ծառայողական քննությունը։ Այնպես չէ, որ ինձ հաճելի է աշխատել-աշխատել ու աշխատավարձը հասցնել առաջնագիծ։ Բայց ստիպված ենք անում, որովհետև գիտենք, որ մեկ կտոր ավել հաց ուտելն այս կյանքերն են արժենալու։ Իրենք շատ լավ գիտեն, որ պատգամավոր աշխատած ժամանակահատվածում միակ մարդն եմ եղել, որ աշխատավարձս ու մնացած հավելյալ գումարներն ուղղորդել եմ առաջնագիծ, և թող համարձակվեն հակադարձել, ես իրենց խայտառակ կանեմ։

Բոլոր ժամանակներում մեր բանակն անտեսված է եղել, բայց հիմա ոչ թե անտեսված է, բանակը ոչնչացված ու բարոյալքված է։ Որեւէ ժամանակահատվածում բանակին առավելագույն ուշադրություն չի դարձվել, բայց կարելի էր անել առավելագույնը, և ունեինք դրա հնարավորությունը։ Իսկ այսօրվա իշխանություններն իրենց վարքագծով ծնողին կոնկրետ ասում են՝ տուր տանեմ, սպանեմ հետ բերեմ։ Հետ բերելուց էլ հույս չունենաս, թե մարմինը կբերեմ կամ հույս էլ չունենաս, թե ջանք կթափեմ ու դին կբերեմ։ Սեպտեմբերի 13-ից չգտնված դիեր կան դեռևս, 44-օրյա պատերազմից անհետ կորածներ կան, և անգամ ջանք չթափեցին այդ երեխեքի մարմինները դուրս բերելու համար։