Search
Close this search box.

Գագիկը 1 տարի առաջ հատուկ Հայաստան էր վերադարձել, որ մեկնի զինվորական ծառայության

Երեկ Գեղարքունիքի մարզում զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած Գագիկ Բարսեղյանը 1 տարի առաջ հատուկ Հայաստան էր վերադարձել, որ մեկնի զինվորական ծառայության։ Ընտանիքը տարիներ առաջ Գերմանիա է տեղափոխվել մշտական բնակության։ Ուսուցիչները նրան դրանից հետո չեն հանդիպել։

«Վերադարձել էր Հայաստան, ապրում էր տատիկի տանը, ընկերներին ասել էր, որ եկել է բանակ գնալու համար։ Ցավում եմ, որ այլևս չտեսա նրան, նրա միշտ ժպտացող դեմքն անընդհատ աչքիս առաջ է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա դասղեկ Հերմինե Խոսրովյանը։

Մինչև Գերմանիա մեկնելը Գագիկը սովորում էր Գառնիի Ատոմի անվան համար 2 ավագ դպրոցում։ Հաճախում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, երազում էր ծրագրավորող դառնալ։

«Նա այնքան ոգևորվածությամբ էր գնում «Թումո», անգամ մի փոքր շուտ էի դասերից իրեն բաց թողնում, որ չուշանա պարապմունքներից»,– պատմում է նրա դասղեկը։

Գագիկը հաճախում էր նաև ըմբշամարտի, բազմաթիվ հաջողությունների էր հասել, գրավել էր մրցանակային տեղեր։

Նրան բոլորը սիրում էին` վստահեցնում են ուսուցիչները, իսկ ընտանիքը պարզապես օրինակելի էր ամբողջ գյուղում։ Գագիկն ավագն էր, ուներ իրենից փոքր քույր և եղբայր։

«Շատ բարեխիղճ, պարտաճանաչ, համեստ ու հավասարակշռված տղա էր»,– պատմում է նրա հայոց լեզվի ուսուցչուհի Նաիրա Խաչատրյանը։

Գագիկի ծնողները հիմա ապրում են Գերմանիայում։ Որդու մահվան բոթն արդեն իմացել են, բայց Հայաստան գալ դեռ չեն կարողացել։