Search
Close this search box.

Վրաստանում տղամարդը կրակ է բացել իր բնակարանի պատշգամբից. կան զոհեր, վիրավորներ

Վրաստանում տղամարդը կրակ է բացել բնակելի տան պատշգամբից, զոհվել է 5 մարդ, եւս 5 մարդ վիրավորվել է։ Կրակողն ինքնասպան է եղել։ Ինչպես տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում կատարելով ՆԳՆ-ին, միջադեպը տեղի է ունեցել Սագարեջոյում։

«Քննության տեղեկացմամբ՝ 1974թ. ծնված Ն.Ա.-ն մի քանի կրակոցներ է արձակել բնակելի տան պատշգամբից, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, եւ տան բակում գտնվող 5 հոգի վիրավորվել է։ Նա նաեւ կրակ է բացել դեպքի վայր եկած ՆԳՆ աշխատակիցների վրա, որոնցից մեկը մահացել է։

Պատահարի վայր են ժամանել լրացուցիչ ոստիկանական վերակարգեր, ՆԳՆ-ի հատուկ ստորաբաժանման աշխատակիցներ, ինչից հետո մեղադրվողը, ենթադրաբար, ինքնասպան է եղել։

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին տեղեկացրել է, որ վիրավորներից մեկի վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ է տեղի ունեցել։ «Քաղաքացին կրակ է բացել ավտոմատ զենքից։ Այդ պահին տանն է եղել նրա չափահաս որդին։ Հրաձգությունն սկսվել է պատշգամբի մի, իսկ հետո՝ մյուս կողմից»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ տղամարդը շարունակել է կրակել ոստիկանների վրա եւ վիրավորել է նրանցից մեկին։ Վերջինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Գոմելաուրին նշել է, որ կրակողը մինչեւ 2021թ. ծառայել է Վրաստանի Զինված ուժերում։

«Այն, ինչ մեզ հաստատել են. նա 2006-ից աշխատել է, հեռացել է 2021թ.։ Սա նախնական տեղեկությունն է, եւ ես ձեզ ստույգ ասել չեմ կարող։ Նա հեռացել է զինվորական ծառայությունից 2021թ.։ Նա նաեւ եղել է Աֆղանստանում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները նրան մեռած են գտել։ «Նրան կոչ էին անում հանձնվել, բայց նա շարունակում էր կրակել։ Երբ հատուկ ջոկատայինները բացել են դուռը, կրակոց է հնչել»,- ասել է նա՝ նշելով, որ տղամարդուն հայտնաբերել են մահճակալին՝ հրազենը կողքին։ «Այդտեղ կային նաեւ նռնակների օղակներ, մի քանի հատ։ Մենք սակրավորներ ենք կանչել»։

Գոմելաուրիի խոսքով՝ սակրավորներն արդեն ավարտել են աշխատանքը, եւ տարածքն անվտանգ է։ ՆԳՆ-ի ղեկավարը նաեւ նշել է, որ կրակողի որդին կոնկրետ ոչինչ առայժմ չի ասել։