Search
Close this search box.

Ժողովրդագրական տագնապի սլաքը ուղղվում է դեպի Վիգեն Սարգսյանը

Արտագաղթը մեծ դեր է սկսել խաղալ նաև հայաստանյան կրթական համակարգում: Ըստ ԿԳՆ տվյալների 2012-ին ՀՀ ավագ դպրոցների շրջանավարտների թիվը եղել է 36.659, 2013-ին՝ 28.063, 2014-ին՝ 24.663, 2015-ին՝ 24.739 եւ 2016-ին՝ 23.237, 2017-ին 20000:
Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերի հարցերին ի պատասխան` Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է թվեր ըստ որոնց՝ 2014 թվականին Երևանի պետական համալսարան ընդունվել է 3224,  2015 թվականին՝ 3060,  2016 թվականին՝  2988 ուսանող: Ըստ ռեկտորի` ԲՈՒՀ-երը կանգնել են տագնապալի իրավիճակի առաջ և գնալով հայտնվում են ֆինանսական փոսում. «Հաջորդ տարի սպասվում է էլ ավելի վատ վիճակ, որովհետև այս տարի դպրոցն ավարտել է 20 հազար հոգի, իսկ ԵՊՀ ընդունվել է 2602 հոգի: Ավանդաբար, ԵՊՀ գալիս է դիմորդների 1/3-ը: Իսկ մյուս տարի այդ 20 հազարի դիմաց դպրոցը կավարտի ընդամենը 9679 հոգի: Նախ և առաջ դա 12-ամյա կրթության հետևանք է, բացի այդ, ժողովրդագրական խնդիրներ կան երկրում: Եվ, բնականաբար, 9679 շրջանավարտից մի 7000-ը կգան բուհ ընդունվելու, ուրեմն մեր կանխատեսումներով՝ ԵՊՀ կընդունվի ոչ ավելի, քան 1229 հոգի: Համենայնդեպս, վիճակը շատ տագնապալի է լինելու»,- ասաց ռեկտորը:

Ժողովրդագրական խնդիրների մասին ահազանգը պետք է մտահոգի ոչ միայն բուհերի ռեկտորներին, ովքեր ուսանողների վարձավճարների հաշվին կրթական հաստատություններ են պահում,և տագնապած են այդ թվի նվազեցմամբ, այլ նաև պետք է տագնապով ահազանգի պաշտպանության նախարարը, քանի որ տարեցտարի նոսրացող շրջանավարտներով է համալրվում հայկական բանակը: ՈՒ Եթե որոշ բուհեր կարող են իրենց թույլ տալ հայտնվել այս կամ այն փոսում, ապա Վիգեն Սարգսյանի ղեկավարած կառույցը պարզապես դրա իրավունքը չունի: Ժողովրդագրական խնդիրը առաջին հերթին մեր անվտանգության խնդիրն է, ուստի և ժողովրդագրական խնդրի տագնապի սլաքը ուղղվում է դեպի Վիգեն Սարգսյանը:

ArmLife.am