Search
Close this search box.

Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել և համատեղ ընդունել փոխզիջումներ՝ ճգնաժամը հնարավորինս արագ լուծելու համար։

Ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը․

«Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում: Բնակչությունը չպետք է դառնա Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը:

Լաչինի միջանցքը պետք է մնա ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և օգտագործվի միայն այն նպատակների համար, որոնք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

Մենք կոչ ենք անում մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին դրսևորել բարի կամք և համատեղ փնտրել փոխադարձ ընդունելի փոխզիջումներ՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու, հանքավայրերի զարգացման պարամետրերը համաձայնեցնելու և էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրները լուծելու համար»,- ասել է Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում։

Նրա խոսքով, Մոսկվան պատրաստ է այս հարցում ցուցաբերել հնարավոր աջակցություն։

«Ռուս խաղաղապահների ջանքերով կազմակերպվել է շտապ օգնության մեքենաների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների անցումը Լաչինի միջանցքով, օպերատիվ կերպով վերականգնվել է ղարաբաղցիների գազամատակարարումը, ինտերնետի հասանելիությունը։ Համակարգվում են
էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման պարամետրերը։ Ռուսական կողմը ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ տեղում, շահագրգիռ կողմերի հետ շփումներում, ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները լարվածությունը թուլացնելու և իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է մշտական ներկայացուցիչը։

Ըստ Լուկաշևիչի, կայուն և երկարաժամկետ լուծումը հնարավոր է միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների խստիվ պահպանման հիման վրա։

«ԼՂՀ-ի դեմ ցանկացած սադրիչ գործողություն և հրապարակային հարձակում մենք համարում ենք անընդունելի և վնասող հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ռուս խաղաղապահներն առանցքային ներդրում ունեն իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Սոչիում հոկտեմբերի 31-ի գագաթնաժողովում»,- ասել է մշտական ներկայացուցիչը։