Search
Close this search box.

Ինչ է կատարվում Արցախում. պետք է կանգ առնել

Արցախի կառավարող վերնախավում իրավիճակը նկատելիորեն անառողջ է, ինչի տեղեկատվական դրսևորումները բավականին բուռն ծավալվեցին հանգստյան օրերին: Նախ, տեղեկություն եղավ, որ պաշտոնանկ կարվի Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Այդ տեղեկությունը պաշտոնական չէր, սակայն տարածվեց Արցախի նախագահին մոտ կանգնած աղբյուրներին հղումով: Հետո Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ ինքը հրաժարական չի տա, միաժամանակ ասելով նաև, որ Արցախում անընդունելի է նաև Արցախի նախագահի կամ խորհրդարանի որևէ հնարավոր հրաժարական կամ լուծարում:

Ըստ Վարդանյանի, պետք է կենտրոնանալ ու համախմբվել խնդիրներ լուծելու վրա, չսպասարկելով հակառակորդի օրակարգը:

Տեղեկատվական տարբեր բնույթի հոսքերը՝ անանուն աղբյուրներից, շարունակվեցին նաև հունվարի 15-ին, այդ կերպ վկայելով, որ Արցախի կառավարման համակարգն այդքան էլ մոտ չէ համախմբվածությանը: Բայց, ինչի՞ն է մոտ իրավիճակը, պարզ չէ: Սակայն, միևնույն ժամանակ դժվար չէ կանխատեսել, որ, եթե իրավիճակը շարունակի զարգանալ այդօրինակ տրամաբանությամբ և բնույթով, ինչպես արտահայտվեց անցնող երկու օրերին, ապա Արցախը, ու թերևս նաև հետագայում Հայաստանը, շատ մոտ կլինեն նոր աղետալի կամ ողբերգական հեռանկարի: Ըստ այդմ, պետք է թերևս կանգ առնեն բոլորը, ու նստեն խոսելու: Բայց, նստեն խոսելու ոչ թե միմյանց, կամ ոչ միայն միմյանց, այլ առաջին հերթին Արցախի ժողովրդի հետ, այն շրջափակված արցախցիների, որոնք կառավարման համակարգից ակնկալում են շատ կոնկրետ լուծումներ անվտանգության և Արցախի բնական կենսագործունեության վերականգնման ուղղությամբ:

Արցախում չի կարող լինել որևէ արդյունավետ լուծում, եթե այն չունի հանրության հասկանալի աջակցությունը, եթե այն բացատրելի, հասկանալի, համոզիչ և ընդունելի չէ լայն հանրության համար, որն այդ հանրությանը ցույց չի տալիս իրականանալիության փաստարկված ճանապարհ, ճանապարհային քարտեզ, ընդ որում նաև այդ ճանապարհը թե համատեղ անցնելու, թե նաև համատեղ վերահսկելու գործնական մեխանիզմներ: Միևնույն ժամանակ, Արցախում իրադրության և իրողությունների առնչությամբ չափազանց պատասխանատու վարքագիծ պետք է դրսևորեն հայաստանյան ներքին կյանքի մասնակից բոլոր սուբյեկտները, չփորձելով ձեռք տաքացնել Արցախի ներիշխանական որևէ կրակի վրա: Որովհետև, ամենալավ ու անկեղծ մղումներն անգամ առկա բարդ իրողությունների պայմաններում կարող են ունենալ լիովին այլ հետևանք:

1in.am