Search
Close this search box.

Ով է փակ պահում Բերձորի միջանցքը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է աշխատանքները Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Անհրաժեշտ է գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում», ասել է նա։

Ինչ վերաբերվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկումից հետո համատեղ հայտարարության չընդունելուն, Զախարովան ասել է․ «Ընդգծվել է, որ չնայած մեր կառուցողական տրամադրվածությանը, փաստաթղթի ֆրանսիացի հեղինակներն անտեսել են ռուսական առաջարկների ճնշող մեծամասնությունը։ Մեր արևմտյան գործընկերներն իրենց մեջ քաջություն չգտան տեքստում փաստեր շարադրել։ Մասնավորապես՝ հիշատակել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը, որը հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար հիմնասյունն է։ Ամեն դեպքում մենք զբաղված ենք լինելու ոչ թե պոպուլիզմով, այլ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման առարկայական աշխատանքով», ասել է Զախարովան։

ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչից հետո հիմա էլ ՌԴ ԱԳՆ խոսնակն է խոստովանում Բերձորի միջանցքի արգելափակման հանգամանքները։ Նախ նշենք, որ ՌԴ-ն, համաձայն նույն նոյեմբերի 9-ի եւ, ինչպես պարզվեց Փաշինյանի բացահայտումից՝ դրա շարունակություն ՀՀ եւ ՌԴ ՊՆ ստորագրած թղթի, պարտավոր էր միջանցքից դուրս շպրտել Բաքվի «էկոակտիվիստներին», եւ ոչ թե «գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում»։ Արդեն իսկ այս ձեւակերպումը, ինչպես նաեւ միջանցքի վրա «խաղաղապահներ-էկոակտիվիստներ» տեսարանները մատնում են միջանցքի արգելափակման համատեղ ակտը։

Ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ-ում համատեղ հայտարարությանը, ՌԴ ԱԳՆ միանգամայն հստակ խոստովանում է, որ տապալել է դրա ընդունումն այն պատճառով, որ Ֆրանսիան ու այլ երկրներ դեմ են եղել 2020 թ․ նոյեմբերի 9-ի հակահայ հայտարարության լեգիտիմացմանը ՄԱԿ ԱԽ-ում։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ՌԴ առաջին դեմքերը ԵԱՀԿ ՄԽ-ին, ՄԱԿ-ին եւ միջազգային այլ կառույցների կոչ էին անում ընդունել նոյեմբերի 9-ի թուղթը որպես կարգավորում, լեգիտիմացնել այն եւ ներգրավվել բացառապես հումանիտար հարցերում, հայտարարելով, թե Ղարաբաղյան խնդիրն արդեն կարգավորված է։ Այս կոչերը մերժվել են թե այն ժամանակ, թե անցյալ տարվա դեկտեմբերին ՄԱԿ ԱԽ-ում։

Պատահական չէ, որ Բերձորի միջանցքի արգելափակումից հետո ՀՀ եւ Արցախի խամաճիկ իշխանությունները «միջազգային հանրությանը» կոչ են անում ՄԱԿ մանդատ տալ ռուս «խաղաղապահներին», միջանցքի խնդիրը ներկայացնելով բացառապես հումանիտար կտրվածքով։ Սա շարունակվում է մինչ օրս, թեեւ այս կրկեսի մասնակիցների նյարդերն արդեն տեղի են տալիս՝ դժվար է Զախարովա-Պեսկով-Փաշինյան «փոխհրաձգությամբ» պահել իրավիճակը․ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտնեց, որ ՄԱԿ-ին Հայաստանի դիմելը՝ միջազգային խաղաղապահների ու Բերձորի միջանցքի միջազգային դիտարկման հարցով, կդառնա հակառուսական գործողություն։

Ավելացնենք, որ Մոսկվան ՄԱԿ ԱԽ հայտարարությունը տապալելու պատճառների մեջ նշել էր նաեւ այն, որ այնտեղ հասցեական նշված էր «կողմերից մեկը», այսինքն՝ Բաքուն։ Մոսկվան հայտարարելով, որ Ռուսաստանը չի փակել միջանցքը, նաեւ չի ասում, թե ով է փակել։ Ավելացնենք նաեւ, որ Ռուսաստանը հընթացս լուծարում է միջանցքի կարգավիճակը՝ ՀՀ վարչապետի լուռ համաձայնությամբ։

Այս հանգամանքները լույս են սփռում Բերձորի միջանցքի փակման իրական հանգամանքների ու նպատակների վրա, որոնց բազմիցս անդրադարձել ենք։ ՄԱԿ-ի մանդատի շուրջ Մոսկվայի սարքած կրկեսը Հայաստանի պետականությունը վերացնելու Ռուսաստանի ծրագրերի իրականացման ալիբին է՝ «մանդատ չտվեցին, Արեւմուտքը չցանկացավ մեզ հետ աշխատել, մենք ինչ կարող էինք անել, հայերն իրենք են ասում՝ Ռուսաստանը ծանր վիճակում է եւ հիմա ի վիճակի չէ կտրուկ քայլերի գնալ» եւ այլն։ Մոսկվան գիտե, որ ոչ մի մանդատ էլ չեն տալու։ Կրկեսի նպատակը նաեւ միջազգային միջամտության բացառումն է ՌԴ ծրագրերի իրագործմանը։

Հումանիտար ճգնաժամով քաղաքական խնդիրները նենգափոխող եւ ռուս «խաղաղապահների» դարդը քաշող հայ պաշտոնյաները պետք է հասկանան, թե ինչով են զբաղված եւ դա ինչ հետեւանքներ է ունենալու։ Նաեւ իրենց համար։

Lragir.am