Search
Close this search box.

Նոր մանրամասներ Վարդենիսի ոստիկանության շենքի ուղղությամբ պայթուցիկ նետելու դեպքի մասին

ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, քանի որ անհայտ անձը ոստիկանության հիշյալ բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք էր նետել:

Նախաքննության ընթացքում փորձագետի մասնակցությամբ զննվել է դեպքի վայրը և արձանագրվել վնասվածքները:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն քաղաքի 58-ամյա բնակիչ է: Վերջինս անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է և ներկայացվել քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում առգրավվել են հիշյալ տղամարդու հագին եղած հագուստները, ստացվել են արգասիքի նմուշներ, որպես վկա դեպքի հանգամանքերի շուրջ հարցաքննվել է վերջինիս կինը:

Համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությանը:

Նշանակվել է դատաապրանքագիտական, շինարարատեխնիկական, հետքաբանական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, ստացված նմուշներով և առգրավված հագուստներով նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, երեկ` հունվարի 11-ին, ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, անհայտ անձը ոստիկանության հիշյալ բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք է նետել, որի պայթյունից կոտրվել են ոստիկանության բաժնի վարչական շենքի ապակիները, վնասվել հատուկ պահպանվող տարածքի սանհանգույցի տանիքը, պատը, ինչպես նաև վնասվել է դարպասը: