Search
Close this search box.

«Զոհվա՞ծ ա, թող զոհված բերեն տան մեզ». 19-ամյա զինծառայողի հայր

121-րդ օրն է ժամկետային զինծառայող Թոռնիկ Սարգսյանի ծնողները, հարազատները անորոշության դժոխքում են, թևաթափ, մոլորված նստած են Հարթավան գյուղի իրենց փոքրիկ տան պատերի տակ։

«Ուզում ենք, որ մեր էրեխին բերեն տան մեզ… Զոհվա՞ծ ա, թող զոհված բերեն տան մեզ… Գերի՞ ա ընկած, թող ասեն գերի ա ընկած, չեմ մտածի ես, սաղ էղնի էրեխեն… Թող պատասխան տան մեզ էլի, պատասխան չեն տալիս», – արցունքն աչքերին ասում է հայրը։

19-ամյա Թոռնիկ Սարգսյանը սեպտեմբերյան մարտերի ժամանակ Վերին Շորժայի դիրքերում էր, 120-րդում, այդ դիրքի 9-ը ծառայողներից միայն ինքը չկա։

«Զոհված ա, բա ո՞ւր ա… Որ զոհված ա, բա ո՞ւր ա դիակը», – հեծկլտում է մայրը։

Զինծառայողի հարազատները հենց առաջին օրն են ճանապարհվել Վարդենիս՝ որևէ տեղեկություն գտնելու .. Թոռնիկի հորեղբայրը ՝ Վարազդատ Սարգսյանը այդտեղ հոսպիտալ տեղափոխված վիրավորների զրույցն է լսել. – «[Մեկը հարցրեց՝] Թոռնիկի դիակը մնաց թմբին, ասեց ոչ, Գոռը իջացրեց ներքև։ Ես էդ ժամանակ հասկացա, որ էրեխեն զոհված ա»։

Ու սկսվել է ընտանիքի մինչև այժմ չավարտվող որոնումը։ Ասում են՝ առանց պետական որևէ կառույցի միջամտության, աջակցության ու կարեկցանքի… գտել են իրենց զինծառայողի մարմինը դիրքից տեղափոխած զինվորին, հարցուփորձ արել, ճշտել տեղանքը, զորամասից վերցրել են անօդաչու սարքի նկարահանումը, որտեղ դեռ երևում էր, որ ձորակում մարմին կա։ Հետո հոկտեմբերի 22-ին ձյուն եկավ. – «Ձյուն դնելուց հետո չի էրևում էլ»։

Թոռնիկի հայրը՝ Վորոնցով Սարգսյանն ասում է, որ հենց առաջին օրից Պաշտպանության նախարարությանը հայտնի էր, թե որտեղ է որդու մարմինը, կոորդինատներով։ Պատասխանն ամիսներ շարունակ անփոփոխ է՝ մտնել հանել չենք կարող, Ադրբեջանը թույլ չի տալիս։ ԴՆԹ փորձանմուշ են հանձնել, սրտի արագ զարկերով սպասել՝ Ադրբեջանը նոյեմբերի վերջին 13 մարմին փոխանցեց, նույնականացում կլինի՞… – «Ինչքան զոհեր էղել ա էդ չաստից, էդ տարածքի մեջ, բերել տվել են սաղին, մենակ իր էրեխեն չկա»։

Երեկ չէ առաջին օրը որերոդ անգամ Ճամբարակ, Թոռնիկի զորամասում էին նորից։ Դրանից առաջ Վարդենիս, հետո Կարմիր խաչ, հետո Պաշտպանության նախարարություն .. չգիտեն էլ ինչ անեն որդու մարմինը ձորից դուրս բերելու, իրենց մոտեցնելու համար։

«Գոնե հիմա հետաքրքրվեն, իրանց զինվորն ա… չեն էլ հետաքրքրվում ուր ա, ինչ ա…», – լացն ընդմիջելով ասում է մայրը։

Հորեղբայրը չի մոռանում, որ պետական հիմնարկներից մեկում մի աշխատակցի հետ գործ ունեցան, որը տեղյակ չէր, որ սեպտեմբերին մարտեր են եղել։ Հաշվում է, թե քանի պաշտոնյա չի ընդունել իրենց՝ Պաշտպանության նախարարը ժամանակ չի գտել, վարչապետ Փաշինյանի հետ են ցանկացել հանդիպել, աշխատակազմից հոգեբանի են ուղարկել. – «Ես տվել եմ քեզի, Հայաստանի Հանրապետությանը տվել եմ իմ մինուճար տղուն, իմ մինուճար էրեխուն եմ տվել քեզի։ Հիմա հինգ րոպե քեզի ժամանակ չունե՞ս…»

Միայն Ազգային անվտանգության ծառայությունում են Սարգսյաններին ընդունել մի քանի անգամ, պատասխաններ գտել նրանց համար։
Սպասման այս ծանր ամիսներին ընտանիքի դուռը որևէ մեկը չի թակել, Մեզնով ոչ ոք չի հետաքրքրվում, ասում են ծնողները։

Սեպտեմբերյան մարտերից 4 ամիս անց անհետ կորած է համարվում երեք զինծառայող, բայց, ըստ հարազատների, երեքի մարմինների տեղը ճշգրտված ու հայտնի է կոորդինատներով։ Թոռնիկ Սարգսյանը Վերին Շորժայի հատվածում, Վահե Թորոսյանի մարմինը Ներքին Հանդի ձորակում է, Շիրազ Խաչատրյանինը՝ Կուտականի միջդիրքային հատվածում։

Ընտանիքներն իրենց զավակների գոնե մասունքներն են ուզում ստանալ, հուղարկավորել։ Երեկ վարչապետ Փաշինյանի ասուլիսի ժամանակ բարձրաձայնեցին այս հարցը, ավելի կոնկրետ՝ Շիրազ Խաչատրյանի պատմությունը։ Փաշինյանը զինծառայողի պատմությանը ծանոթ չէր, ասաց ցավում է իրավիճակի կապակցությամբ. – «Վերջին անգամ Գեղարքունիքի մարզի հատվածում մի շաբաթ առաջ են որոնողական աշխատանքներ էղել։ Բայց ամեն դեպքում հարցը հնչեց, ես ավելի կկոնկրետացնեմ։ Ես համոզված եմ նաև, մեր մարմինները կկապվեն…»

Զանգահարեցինք Փոքր Մասրիկ, զինծառայողի կնոջը։ Երեկ լսել էր վարչապետին, տեսել էր, որ ամուսնու անուն-ազգանունը Փաշինյանը գրեց բլոկնոտում. – «Սպասել ենք։ Ոչ մի նորություն, ոչ մի բան։ Ոչ մեկը ոչ զանգել ա, ոչ էլ տեղեկացրել ա, որ կարող ա զբաղվում են, կամ կմտնեն-կհանեն։ Ոչ մի բան»։

Շիրազ Խաչատրյանը պայմանագրային էր, երկու փոքրիկ ունի։ Մյուս երկու անհետ կորած զինծառայողները 19-ամյա ժամկետայիններ են։

Թոռնիկ Սարգսյանի ծնողները հարցնում են ՝ մի՞թե մեր որդին, նրա մասունքը միայն մեզ է պետք…

Նյութի աղբյուր՝ azatutyun.am