Search
Close this search box.

Ինչ է հայտարարել Ռուբեն Վարդանյանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցներին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում են ԱՀ պետնախարարի աշխատակազմից:

Շվեդական ազգային ռադիոյին տված հարցազրույցում պատասխանելով ադրբեջանական կողմից  ներկայացվող՝ միջանցքի փակման բնապահպանական պատճառների և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման մասին հարցին՝  Ռուբեն Վարդանյանը նկատել է, որ Ադրբեջանի պնդումները ոչ մեկի համար արժանահավատ չեն հնչում, քանի որ ողջ աշխարհին է հայտնի, որ ավտորիտար երկրում  ոչինչ  «բնապահպանների պատասխանատվությամբ»  տեղի չի ունենում: «Կարո՞ղ եք հիշել վերջին 10 տարում քանի էկոլոգիական բողոքի ցույց է տեղի ունեցել Ադրբեջանում,-հարցադրում է արել նա: -Մենք Արցախում մեխանիզիմներ չունենք, որպեսզի ճնշում գործադրենք մի երկրի վրա, որն ստորագրել է միջանցքից ազատ օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, իսկ այսօր այն խախտում է: Մենք  պահանջում ենք, որ միջազգային հանրությունը մեզ համար մարդասիրական օդային միջանցքի հնարավորություն  ապահովի, որպեսզի կարողանանք սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ բերել։ Սակայն Ադրբեջանը սա ևս թույլ չի տալիս։ Ուստի մենք սա ընկալում ենք որպես պետական քաղաքականություն, պետական դիրքորոշում, որը շատ հստակ ցույց է տալիս, որ նրանք ցանկանում են մեզ բոլորիս դուրս հանել այստեղից և էթնիկ զտում իրականացնել՝ Արցախն առանց հայերի ստանալու համար»։

Բրիտանական Byline Times պարբերականին տված հարցազրույցում  Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Արցախում շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը. «Քսանչորս օր մենք այս շրջափակման մեջ ենք: Արդեն հիմնական սննդամթերքի, ապրանքների պակաս կա»։

Պետնախարարը պարբերականին ասել է, որ ինքը նույնպես այն 5000 արցախցիների շարքում է, որոնք այս Սուրբ Ծնունդին ընտանիքից բաժանված են. «Կյանքումս առաջին անգամ Սուրբ Ծնունդին ընտանիքիցս անջատ եմ։ Ըստ էության, մենք Ադրբեջանի պատանդն ենք, քանի դեռ փակ է ճանապարհը»:

Ներկայացնելով Արցախի պետնախարարի կոչը միջազգային հանրությանը՝ շրջափակումը շարունակելու դեպքում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, հոդվածագիրը նկատում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը  «Արևմուտքին նետել է Ադրբեջանի «գիրկը»՝ էներգետիկ անվտանգության հուսահատ որոնումներից մղված»: «Շրջափակելով Լաչինի միջանցքը՝ Ալիևը ևս մեկ անգամ ազդարարում է, որ ձգտում է ամբողջական վերահսկողության մի տարածքի նկատմամբ, որը հայերը համարում են իրենց ժառանգության, կրոնի, մշակույթի և պատմական ինքնության մաս»,-եզրակացնում է հեղինակը: