Search
Close this search box.

Հերթական միջադեպը Մասիսի քաղաքապետարանում. կասկածյալը բաժնի պետն է, տուժածը հոսպիտալացվել է

Հունվարի 2-ին ոստիկանության Մասիսի բաժնում Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրոսկրի վզիկի միջտամբիոնային փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 73-ամյա Ռուբեն Ն․-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 30-ին Մասիսի քաղաքապետարանի դիմաց վայր ընկնելու հետևանքով։

Կայքի տեղեկություններով ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Ռուբեն Ն․-ի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Օպերատիվ տվյալներով ճշտվել է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Մասիսի համայնքապետարանի ճարտարապետաշինարարական բաժնի պետ Լյովա Գ․-ն 3-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում Ռուբեն Ն․-ի տան հատակագծի հարցի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում բռնել են նրա ձախ ձեռքի նախաբազուկը, հրել` ասելով՝ դուրս արի աշխատասենյակից։

Հրելու հետևանքով Ռուբեն Ն․-ն վայր է ընկել և ստացել նշված մարմնական վնասվածքները։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։