Search
Close this search box.

Բաքվի և Անկարայի զորավարժություններն ուղղված են Իրանի և ՀՀ դեմ. լուրջ հետևություններ պետք է անել. Սեյրան Օհանյան

Ադրբեջանա-թուրքական հերթական համատեղ զորավարժությունները մի քանի խնդիր ունեն լուծելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Նախ, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համագործակցությունը և պատրաստվածությունն են բարձրացնում՝ այս կամ այն խնդիրը լուծելու համար։ Եթե զորավարժությունն անցկացվում է Հայաստանի և Իրանի սահմանին ու զորավարժության մասնակիցների խնդիրներից է լինում, օրինակ, գետեր անցնելը, ապա նշանակում է, որ այդ զորավարժություններն ուղղված են այն պետությունների դեմ, որոնք հարևան են Թուրքիային և Ադրբեջանին և խնդիրներ ունեն այս երկրների հետ։ Երկրորդն՝ ուժի ցուցադրումն է Հայաստանին և Իրանին։ Ակնհայտ է նաև, որ այս տարածաշրջանում գոյություն ունի Արևմուտք-Իրան հակամարտություն, իսկ Արևմուտքի ներկայացուցիչը տարածաշրջանում և Հարավային Կովկասում Թուրքիան է։ Հետևություն՝ Թուրքիայի զորավարժություններն ակնհայտորեն ուղղված են նաև Իրանի դեմ»,-ասաց Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝այդ իսկ պատճառով Իրանի ղեկավարությունն արդեն երկար ժամանակ հայտարարում է, որ տարածաշրջանում իր համար անընդունելի է որևէ սահմանի փոփոխություն, հատկապես՝ Սյունիքի մարզի հատվածում։

Սեյրան Օհանյանը կարևորում է հայ-իրանական բարեկամությունը՝ ընդգծելով, որ Իրանը բավական լուրջ դեր ունի այս տարածաշրջանում:

Պատգամավորի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է, հատկապես Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության միջավայրը շատ փխրուն է, և ցանկացած պահի կարող են մարտական գործողություններ սկսել։

«Այս պարագայում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը լուրջ եզրակացություն պետք է անի, մեր պետությունը լուրջ գնահատականներ պետք է տա ռազմաքաղաքական իրավիճակին: Լուրջ աշխատանքներ պետք է տարվեն ԶՈւ համալրման, նմանատիպ զորավարժությունների անցկացման համար: Դրանք պետք է կրեն պաշտպանական, ինչու ոչ՝ նաև կանխարգելման բնույթ»,- եզրափակեց Օհանյանը։