Search
Close this search box.

Վոլկովն այդպես էլ հայտարարություն չարեց

Արցախի ԱԺ 5 խմբակցությունների ղեկավարների նախաձեռնությամբ այսօր` դեկտեմբերի 6-ին, խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպմանը քննարկվել են թշնամու կողմից վերջին օրերին իրականացված սադրանքները: Այս մասին հայտնում է Արցախի Հանրային ՀԸ-ը:

Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել նման սադրանքները կանխելու եւ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար, այդ թվում նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութն է, որտեղ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հարցազրույցն է միջանցքի տարածքում հենակետ տեղադրելու մասին:

«Չի կարող այնտեղ լինել որեւէ անցակետ, միջանցքի տարածքում, թե սկզբում, թե մեջտեղում, թե վերջում, որտեղ որ բացի ռուս խաղաղապահներից վերահսկողություն պետք է իրականացնեն ադրբեջանցիները: Մենք ասել ենք, որ դա անընդունելի է եւ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարն էլ վստահեցրել է, որ նման բան չկա»,- ասել է «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

Ադրբեջանական կողմը անցակետի տեղադրման փաստը հիմնավորում է, թե իբր միջանցքով զենք- զինամթերաք է տեղափոխվում, այնինչ հիմնավորումն անընդունելի է եւ չփաստարկված:

Քննարկված հարցերի շրջանակը, բայց, ավելի լայն է եղել: Խորհրդարանականները ներկայացրել են միասնական տեսակետը. անընդունելի է, որ միջանցքում որևէ սահմանափակում կամ նորամուծություն լինի, որը կհակասի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, տեղեկացնում է Արցախպրեսսը:

Նշենք, որ չնայած Արցախի ԱԱԾ հայտարարությանը, ռուսական զորակազմի հրամանատարությունը մինչ այս պահը պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել Վոլկովի հարցազրույցի կապակցությամբ, որտեղ նա ասում էր, որ Բաքվի հետ պայմանավորվածություն կա Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ։