Search
Close this search box.

ԱԺ-ն քննարկեց համընդհանուր հայտարարագրման համակարգի նախագիծը

ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը ներկայացրեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ. այն ամբողջությամբ կներդրվի 3 տարվա ընթացքում, առաջին հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև 2024-ի ապրիլի 20-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում ներդնել կառավարության 2021-2026 թթ ծրագրով նախանշված և համակարգային նշանակություն ունեցող ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ»,-ասաց Պողոսյանը:

Համակարգի ներդրմամբ մի շարք նպատակներ են հետապնդվում: Առաջին նպատակը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգ ձևավորելն է, ինչը հնարավորություն կընձեռնի առավել հեշտությամբ և ավելի բարձր ճշգրտությամբ տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական հասցեատերերին և շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով կառավարության կողմից իրականացվող սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական և այլ ոլորտներում իրականացվող քաղաքականությունների արդյունավետությունը: Հայտարարագրերի ներկայացման հաջորդ նպատակը սոցիալական շարժառիթների համակարգի ստեղծումն է՝ սոցիալական կրեդիտների կամ սոցիալական ծախսերի համակարգի ներդրումը:

«Նախագծով նախատեսվում է կառավարությանն իրավասություն վերապահել՝ սահմանելու ընտանիքի կազմ հասկացությունը, սոցիալական ծախսերի առանձին տեսակներ, ուղղություններ, թույլատրելի չափեր, որոնց մասով հնարավորություն կընձեռվի հարկման բազայից կատարել նվազեցումներ և որոշ դեպքերում դրանց համապատասխանող եկամտային հարկի գումարը հետ ստանալ՝ հայտարարագրերի ներկայացմամբ»,-ասաց փոխնախարարը:

Համակարգի ներդրումը սահուն ապահովելու համար առաջարկվում է այն իրականացնել 3 տարիների ընթացքում՝ սկսած 2023 թվականից: «Այլ կերպ ասած՝ հարկային առաջին տարին, որի համար կներկայացվեն հայտարարագրեր, կլինի 2024 թվականը, որի համար հայտարարագրերը կներկայացվեն մինչև 2024 թվականի ապրիլի 20-ը»,-ասաց Պողոսյանը:

Առաջին փուլի շրջանակում ընդգրկված են հետևյալ անձինք՝ Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիներ, նոտարները՝ անձնական եկամուտների մասով: Հաջորդ ենթախումբը ձեռնարկատիրական գործունեության հետ ուղիղ կամ անուղղակի կապված ֆիզիկական անձինք են՝ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիներ, որոնք 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների բաժնետերեր են, նաև ռեզիդենտ քաղաքացիներ, որոնք 2023-ի ընթացքում ստացել են 20 մլն դրամ կամ ավել փոխառություններ՝ նշված առևտրային կազմակերպություններից:

2024 թվականից նախատեսվում է այդ շրջանակն ընդլայնել աշխատանքային պայմանագրերով աշխատանք կատարողներով, նաև քաղաքացիական պայմանագրերի հիման վրա ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող ռեզիդենտ քաղաքացիներով: Իսկ 2025-ին առաջարկվում է համակարգում ընդգրկել նաև մնացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց: Հայտարարագրի նախագիծը պատրաստվելու է հարկային մարմնի կողմից՝ այդ պահին հարկային մարմնին հայտնի տեղեկության հիման վրա: Եթե հայտարարագրում լրացումներ կատարելու անհրաժեշտություն չլինի, քաղաքացուն պարզապես մնում է հաստատել հայտարարագիրը, և այն կհամարվի սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված: