Search
Close this search box.

Ադրբեջանական կողմի մտադրությունն է փակել Լաչինի միջանցքը. Ալեն Սիմոնյան

եսնում ենք ադրբեջանական կողմի մտադրությունը՝ փակել Լաչինի միջանցքը, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում և 15-րդ լիագումար նիստում:

«Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար մարդասիրական նշանակության միակ լիարժեք ճանապարհն է»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ գրանցված միջադեպին, երբ Բաքուն, ինչպես ինքը հաղորդեց, մասնագետների խումբ էր ուղարկել խաղաղապահների տեղակայման վայր՝ «հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։

Ադրբեջանական այս խմբի այցի հետևանքով շաբաթ օրը մոտ 4 ժամ փակ էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, քանի որ նրանք հենց ճանապարհի մեջտեղում էին բանակցում ռուս խաղաղապահների հետ։

Երևանի համար սկզբունքային է Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը, ելույթով ասել է Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ վերջին նիստից ի վեր Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն ավելի է վատացել, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք խաթարում են կայունությունն ու տարածաշրջանային անվտանգությունը:

Նա մանրամասնել է սեպտեմբերին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի իրականացրած ռազմական գործողությունները՝ հիշեցնելով, որ ագրեսիայի նոր փուլում ադրբեջանցիներն օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքից որոշակի հատվածներ, հայտնում են խորհրդարանի լրատվականից:

Պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը, ըստ ԱԺ խոսնակի, վկայում է Ադրբեջանի հետագա ծավալապաշտական նկրտումների մասին: «Այս բարդ իրավիճակում Հայաստանի համար չափազանց կարևոր էր ՀԱՊԿ-ում մեր գործընկերների ռազմական եւ քաղաքական աջակցությունը», – հավելել է նա:

Խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի արել, այլ ասվել է, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչից մտահոգված են երկրում:

Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին արյունալի մարտերի կապակցությամբ պաշտոնական Երևանը օգնության համար դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ը իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն ուղարկեց Հայաստան: