Search
Close this search box.

Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում է հարուցել Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ՝ Ս.Գ.-ի նկատմամբ՝ վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 36 մլն 698 հազար 40 դրամի հափշտակությանն օժանդակելու համար։

Ըստ Գլխավոր դատախազության՝ Գասպարյանի կինը, 2000 թվականի մայիսից մինչև 2011 թվականի նոյեմբերը պաշտոններ է զբաղեցրել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչությունում, ապա տեղափոխվել Ոստիկանության կադրերի վարչության տրամադրության տակ: Այդ ժամանակ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը, տեղյակ լինելով, որ իր կինն ավելի քան 11 տարի ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև այդ ընթացքում ստորագրել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծերը, Ֆինանսների նախարարության գանձապետարան ուղարկվող կամ գանձապետական ծրագիր մուտքագրվող փոխանցագրերը, որոնցում ընդգրկված են եղել նաև Ս.Գ.-ի տվյալները: Արդյունքում` հիշյալ ժամանակահատվածում Ս.Գ.-ին որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17 մլն 275 հազար 721 դրամ:

Մեկ այլ դեպքով, ըստ դատախազության, Ս.Գ.-ն, 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 11-ը, հանդիսանալով Ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ, պաշտոնին նշանակվելուց ի վեր պարբերաբար ծառայության չի ներկայացել և ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, սակայն այդ ընթացքում նրան շնորհվել են «փոխգնդապետի», ապա՝ «գնդապետի» կոչումներ, նրա անվամբ փոխանցվել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար:

Ս․Գ-ի նկատմամբ մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Ավելի վաղ դատախազությունը հաղորդել էր, որ քրեկան հետապնդում է հարուցվել Գասպարյանի դստեր նկատմամբ՝ վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամի հափշտակությանն օժանդակելու համար։