Search
Close this search box.

Հայտնի է, թե ովքեր են Արցախում հայ տղաների հետ վեճ ու ծեծկռտուք սարքած ադրբեջանցիները

Արցախի Հանրապետության Գետավան գյուղի մոտ ադրբեջանցիներն են կանգնեցրել հայ երիտասարդների մեքենան, չեն թոյլատրել նրանց անցնել, ինչից էլ վիճաբանություն է առաջացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գետավանի համայնքապետ Արարատ Զախարյանը:

«Դեպքը տեղի է ունեցել գյուղ մտնելու ճանապարհին, ադրբեջանցիները կանգնեցրել են գյուղ եկող կողքի գյուղի երիտասարդների մեքենան, սկսել են վիճաբանել: Ադրբեջանցիները շատ են եղել, մեր տղաները 3 հոգով են եղել: Ըստ իմ ունեցած տեղեկությունների` ադրբեջանցիները չեն թույլատրել տղաներին անցնել, նրանք մեքենայից իջել են, ադրբեջանցիները խփել են, մեր տղաներն էլ նրանց են խփել»,-ասաց նա:

Գյուղապետի խոսքով` միջադեպը հարթել են դեպքի վայր հասած խաղաղպահները, որոնք ադրբեջանցիներին մեքենայով ճանապարհել են:

«Ինձ թվում է` ադրբեջանցիները հատուկ ծառայության աշխատակիցներ են, քանի որ նրանք հաճախ են անցնում այդ ճանապարհով, հենց այդ մեքենայով եւ իրենց միշտ լկտի են պահում»,-ասաց նա:

Գետավանի գյուղապետի խոսքով` արդեն 2-րդ օրն է ադրբեջանցիները սադրանք են հրահրում, ինչի նպատակը բնակչությանը վախեցնելն է եւ արցախը հայաթափելը:

«Նրանց նպատակն այդ է, բայց մենք գնալու տեղ չունենք, մեր հայրենիքն է, մեր ծնողների գերեզմանը չենք թողնի, մենք պիտի ապրենք այստեղ»,- հացվելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում: Ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ: