Search
Close this search box.

«Եռաբլուրում» զինվորական կարգով հուղարկավորեցին սեպտեմբերյան ագրեսիայից զոհված Գայանե Աբգարյանին

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ դեկտեմբերի 2–ին, զինվորական կարգով հուղարկավորեցին սեպտեմբերյան երկօրյա ագրեսիայի ժամանակ զոհված Գայանե Աբգարյանին։

Գայանե Աբգարյանը ծառայում էր Զինված ուժերում, 4 երեխաների մայր էր։ Նա ապրում էր Արմավիրի մարզում։

Հիշեցնենք, որ 2022թ.–ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

Հոկտեմբերի 4–ին Ադրբեջանը վերադարձրել է 17 հայ ռազմագերիի։ Նոյեմբերի 29–ի դրությամբ, Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 156 մարմին։