Search
Close this search box.

Իմ հերն ինձ ասել ա՝ տղա ջան, էս պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու. Սաղաթելյան

Վերջին երեք տարվա մեջ, մասնավորապես վերջին 6 ամսվա ընթացքում, այս իշխանությունների կողմից իմ ընտանիքը, իմ հարազատները ենթարկվում են հակաօրինական, ապօրինի ճնշումների՝ քրեական գործեր, խուզարկություններ, հարցաքննություններ. Ինչ կարող են՝ անում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Հայրս էլ է հարցաքննվել, հարազատներիս ընկերություններ էլ են մտել, ապօրինի գործողություններ են արել, խուզարկություններ են արել, հորս փորձում են մեղադրանք առաջադրել, մի ուրիշ գործով կանչել են հարցաքննության: Իմ հերն ինձ ասել ա՝ տղա ջան, էս պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու: Ինչ կարան, թող անեն: Հավանաբար մտածում են՝ այդ ճանապարհով վախեցնել, որ մեր ճանապարհից հետ կանգնենք, բայց սխալվում են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մանդատից զրկվելու վտանգին, ընդդիմադիր գործիչն ասաց. «Սրանք մեզ հայրենիքից են զրկել, 5 հազար հայորդու կյանքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել: Վստահ եմ, որ փորձելու են զրկել, թող փորձեն: Ինչ վերաբերում է պնդմանը, թե մանդատը չկորցնելու համար եմ եկել խորհրդարան, եթե մանդատի համար եկած լինեի, մինչ այս էլ պարտաճանաչ եկած կլինեի»: