«Հրապարակ». Ո՞վ կհրաժարվի մանդատից եւ ով կվերցնի այն

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավորության մի շարք թեկնածուներ չեն վերցնի մանդատները։ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարսը, ով ցուցակում 36-րդն է, եւ Արամ Վարդեւանյանի հրաժարականից հետո հերթը նրանն էր, չի ցանկանում բժշկի աշխատանքը փոխել պատգամավորականով։ Մանդատից հրաժարվելու մասին խմբակցությանը տեղեկացրել է նաեւ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ով վերջերս է վերընտրվել դեկանի պաշտոնում։

Մանդատը կվերցնի ցուցակի 38-րդ համարը՝ Մհեր Սահակյանը, ով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնականն է՝ հասարակական հիմունքներով, ինչպես նաեւ «Գրանդ հոլդինգի» Վարդանյանների փեսայի՝ 2003-2008 թթ․ ՀՅԴ քվոտայով ԱԺ պատգամավոր Սամվել Սահակյանի որդին։

«Վերածնված Հայաստան» կուսակցության անդամ, ցուցակի 39-րդ համար Մարիա Պետրոսյանը եւ 41-րդը՝ Ռոբերտ Հայրապետյանը, նույնպես մանդատից կհրաժարվեն։ Նման մտադրություն ունի նաեւ ոստիկանության պահեստի գնդապետ Սայաթ Շիրինյանը, ով Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից է, սակայն մի քանի ամիս է՝ գտնվում է Ղազախստանում՝ իր բիզնես-գործերով։ Ցուցակի հաջորդ երեք համարները, որոնք էլ կդառնան պատգամավոր, դաշնակցական Արփինե Վարդանյանն է՝ Թալինից, Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը եւ հայտնի մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ Ռոբերտ Սահակյանցի որդին։ Այսպիսով՝ «Հայաստան» խմբակցությունը կունենա 19 տղամարդ եւ 10 կին պատգամավոր եւ ԸՕ պահանջը՝ սեռային համամասնության 30 տոկոսի մասով, կատարած կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում