Search
Close this search box.

ՀՀ ներմուծված ավտոմեքենան սահմանին ժամանակավոր համարանիշ կստանա և վարորդը վարելով կկարողանա բերել մեքենան

Ոստիկանությունն առաջարկում է ավտոմեքենա ներկրողներին ազատել անհարկի փաստաթղթային քաշքշուկներից ու չարդարացված ծախսերից։

Ոստիկաննությունը կառավարությանն առաջարկել է փոփոխություն կատարել 2010թ–ից գործող որոշման մեջ, որի համաձայն` ՀՀ ներմուծված ավտոմեքենայի մաքսազերծումն իրականացվում է ոչ թե սահմանին, այլ Սիսիան, Գյումրի կամ Երևան քաղաքներում, որտեղ էլ մաքսային մարինը ավտոմեքենային «Ժամանակավոր» համարանիշ է տրամադրում։

Արդեն ավելի քան 10 տարի գործող այս կարգավորման պատճառով, ըստ ոստիկանության, ՀՀ ներմուծվող ավտոմեքենաները սահմանից մինչև մաքսային ձևակերպման վայրեր հասցնելու համար ներմուծողները ստիպված են լինում օգտվել ավտոտարհանիչների ծառայությունից, նույնիսկ այն դեպքում, եթե ավտոմեքենան սարքին է, այն հնարավոր է վարել ու Հայաստան է բերվել վարելով։

Ավտոտարհանիչներով տեղափոխման պահանջը, նախագծի հեղինակների դիտարկմամբ, ոչ միայն լրացուցիչ ֆինանսական ծախս է, այլև լրացուցիչ խոչընդոտներ է հարուցում ներկրողների համար։ Օրինակ` ավտոմեքենաների տեղափոխումը հաճախ խնդիր է առաջացնում կամուրջների անցման և ՀՀ-ում կամուրջների առավելագույն բարձրության չափերի անհամապատասխանության պատճառով, և տարհանիչները ստիպված են լինում շրջանցել կամուրջները կամ իջեցնել բարձված ավտոմեքենաները, հետո նորից բարձել։

Այս խնդիրներից խուսափելու համար ոստիկանությունն առաջարկում է ՀՀ սահմանին մաքսային մարմիներին լիազորել ՀՀ ներմուծվող ավտոմեքենաներին ժամանակավոր համարանիշեր հատկացնելու իրավասությամբ։

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ոստիկանության առաջարկած փոփոխության նախագիծը։

Այն ուժի մեջ կմտնի մինչև տարեվերջ` պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: