Search
Close this search box.

Վաշինգտոնը հորդորում է արագացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը

Վաշինգտոնը ցանկանում է տեսնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման արագ գործընթաց և Երևանի ու Բաքվի միջև համաձայնագրի կնքում, նոյեմբերի 29-ին ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։ «Ցանկանում ենք սահմանազատման գործընթացի և համաձայնագրի կնքման արագացում, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, ապահովվեն մարդու իրավունքները և այս տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց անվտանգությունը։ Այս դեպքում մենք կկարողանանք նոր էջ բացել Հարավային Կովկասի պատմության մեջ»,- ասել է նա։ Դա, ըստ նրա, ԱՄՆ-ի «պարզ խնդիրն է», որն ակտիվորեն ներգրավված է բանակցային գործընթացում։

«Միացյալ Նահանգները ներգրավված է այս գործընթացում և չափազանց շահագրգռված է խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Մենք կշարունակենք ուղիներ փնտրել [արտգործնախարարներին – խմբ.] և [Հայաստանի և Ադրբեջանի – խմբ.] առաջնորդներին միավորելու համար», – ասել է Քարփենթերը:

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն այս հարցում շատ սերտ համագործակցում է ԵՄ-ի գործընկերների հետ։ «Մենք դիտարկում ենք նաև ԵԱՀԿ գործիքակազմի տեղակայման հարցը, որը Հայաստանի խնդրանքով կարիքների գնահատման խումբ ուղարկեց հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմ, ինչպես նաև աջակցում է սահմանին ԵՄ ջանքերին», – ասել է Քարփենթերը:

Հիշեցենք՝ հոկտեմբերի 20-ին Եվրամիությունն սկսել է առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին հետևելու նպատակով։ ԵԱՀԿ առաքելությունը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 21-ին Հայաստանի կառավարության հրավերով՝ գնահատելու իրավիճակը սահմանամերձ առանձին հատվածներում։ Հոկտեմբերի 27-ին Հայաստանի արտգործնախարարությունը ներկայացրել է առաքելության կողմից Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքների մշտադիտարկման արդյունքները։