Search
Close this search box.

Փաշինյանը չստորագրելով ՀԱՊԿ որոշումը՝ կանաչ լույս է վառել Ադրբեջանի նոր ագրեսիայի համար

Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով կոպտորեն վնասում է Հայաստանի ազգային անվտանգությանը, այս մասին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն տրամադրելու մասին որոշումը Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել այն պատճառաբանությամբ, որ «որոշման տեքստում չկար Ադրբեջանի գործողությունների քաղաքական գնահատականը»։

Այդ հիմնավորումից հետևում է, որ Նիկոլ Փաշինյանին չեն բավարարել ոչ թե առաջարկվող օգնության միջոցառումները (ցավոք, դրանք չեն ներկայացվել մեր հանրության դատին), այլ՝ քաղաքական գնահատականի բացակայությունը։

Ի՞նչ է ստացվում։ Եթե առաջարկվել են Հայաստանի ազգային անվտանգության շահերից բխող միջոցառումներ, որոնք կարող էին զսպել կամ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան, ուրեմն հիմարագույն պատրվակով Հայաստանն իր հենց ձեռքով մերժել է դրանց իրականացումը՝ ազատելով ՀԱՊԿ֊ին հավաքական ջանքերով Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու պատասխանատվությունից։ Այդ դեպքում գործ ունենք այս իշխանությունների համար արդեն սովորական մանկամիտ վնասարարության հետ։

Եթե առաջարկված միջոցառումների ցանկը չի բխել Հայաստանի ազգային անվտանգության շահերից, ուրեմն, Փաշինյանը պիտի խոսեր հենց դրա մասին և մերժեր առաջարկված փաստաթուղթը այդ հիմնավորմամբ՝ հավաքական ջանքերի չկիրառման պատասխանատվությունը դնելով ՀԱՊԿ մյուս երկրների վրա։

Այդ դեպքում, քանի որ դա չի արվել, արդեն գործ ունենք Հայաստանի ազգային շահերի ոտնահարման գործում այլ երկրների հետ համագործակցելու և նրանց մեղքը թաքցնելու հանցավոր նպատակի հետ։

Հերթական անգամ Փաշինյանը իր գործողություններով կոպտորեն վնասում է մեր ազգային անվտանգությանը։ Ողբալ կարելի է, թե մեր ազգի ճակատագիրը ի՜նչ սահմանափակ ուղեղ և ճղճիմ մոտիվացիա ունեցող մարդկանց ձեռքում է գտնվում»,- Facebook-ի իր էջում գրել է Զուրաբյանը։