Search
Close this search box.

Երևանում կազինոներ կբացվեն. Փաշինյան

4 տարվա երկարատեւ եւ համառ պայքարից հետո մենք կարողանում ենք խաղային ոլորտը կարգավորել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա բուքմեյքերներ եւ օնլայն կազինոների ոլորտում ունենք պետական տուրք տարեկան 600 մլն դրամի չափով: Հիմա մենք ասում ենք՝ այդ գումարը մուծում եք, աշխատում եք՝ շատ լավ, բայց ամեն 100 միլիարդ դրամ խաղադրույքի համար պետք է լրացուցիչ 75 մլն դրամ տուրք վճարեք: Սա ազնիվ է, որովհետեւ կախված նրանից, թե որքան հաջողակ է տվյալ ընկերությունը, համապատասխանաբար ավելանում է գումարի չափը»,-ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը համատեղ մշակում են խաղատների, շահումներով խաղերի հաշվարկման եւ հարկման նոր համակարգ:

«Հաջորդ խնդիրն այն է, որ մենք այսօր ունենք կարգավորումներ, որ կազինոներ գործելու հնարավորություն տվել ենք որոշակի տեղանքներում: Բայց նաեւ 100 մլն դոլար ներդրման պարագայում հնարավորություն կա բացել կազինոներ: Ֆիննախում քննարկումների արդյունքում հանգեցինք այն եզրակացության, թե ինչպես ենք հաշվարկելու, թե արդյոք 100 մլն դոլարի ներդրում է արված։ Օրինակ, արդեն Երեւանում ազդակներ ունենք, որ 100 մլն և ավելի դոլար ներդրմամբ հյուրանոցներ են կառուցում, որոնք նպատակ ունեն կազինո բացելու։ Բնականաբար, Երևանում բացվող խաղատները կլինեն ավելի այլ կարգի, որը սոցիալապես անապահով խավի խաղադրույքների վրա աչք չի դնի, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ կաշխատի»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` մի քանի ամսվա ընթացքում կարող են նախագիծը շրջանառության մեջ դնել, թե ինչպես են ներդրումները հաշվարկվելու, որպեսզի չարաշահումներ չլինեն։

Նշենք, որ ըստ օրենքի՝ խաղատներ կարող են բացվել Երևանից 50 կմ հեռավորության վրա։