Search
Close this search box.

ՀԱՊԿ-ը փայլուն կատարեց իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ

ՀԱՊԿ երկրների ղեկավարների երեւանյան հավաքին ստորագրվել են բազմաթիվ փաստաթղթեր, բացի երկուսից՝ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ «փաստաթուղթը գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանում, համաձայնեցվել է ներկա ծանր իրավիճակում միջոցառումների համալիր՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ, սակայն պետք է վերջնական տեսքի բերվի»։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարել է, որ չի ստորագրելու այդ երկու փաստաթղթերն այն տեսքով, ինչպես ներկայացվել են։ Ինչպես ասել է Լուկաշենկոն, հայկական կողմը փոփոխություններ է առաջարկել, սակայն դրանք չեն ընդունվել։ Դատելով Փաշինյանի ելույթից՝ հայկական կողմն առաջարկել է դատապարտել Բաքվի ագրեսիան եւ «ՀԱՊԿ ՀԱԽ որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական ​​աշխատանքը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ»։

Այսինքն՝ ՀԱՊԿ-ը դեմ է այս առաջարկներին։ Նիկոլ Փաշինյանը հղում է արել Ալմաթիի տխրահռչակ հռչակագրին, հույս ունենալով, որ ՀԱՊԿ-ը դրանք հիմք կհամարի Բաքվի գործողություններն ագրեսիա ճանաչելու համար, քանի որ այդ հռչակագրով հաստատված սահմաններով է Հայաստանը դարձել այդ թվում ՀԱՊԿ անդամ։ Նա ասել է, որ եթե ՀԱՊԿ-ը չի արձանագրում այդ իրողությունները, ասում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է ՀԱՊԿ-ը հրաժարվում է իր դաշնակցային պարտավորություններից, դա էլ նշանակում է, որ չկա նաեւ ինքը ՀԱՊԿ-ը։ Իր հերթին, այդպիսով ՀԱՊԿ-ը կանաչ լույս է վառում Բաքվի նոր ագրեսիայի համար։

Հայ հանրության մի ստվար մասի մոտ էլ կա համոզմունք, որ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները։ ՀԱՊԿ իրավապայմանագրային բազայի չոր մեկնաբանությունը տալիս է նման եզրակացության հիմք, ինչի վրա էլ մակաբուծում են ռուսահպատակ իշխող ու չիշխող քաղդասն ու մեդիա-փորձագիտությունը։ Միեւնույն ժամանակ, պետք է նկատի առնել, որ նույն այդ իրավապայմանագրային բազան ենթակա է տարբեր մեկնաբանությունների՝ կախված նպատակներից, խնդիրներից ու հանգամանքներից, ըստ այդմ էլ որոշվում են պարտավորությունները։ Օրինակ, Հայաստանի դեմ ագրեսիային չարձագանքելու համար ՀԱՊԿ-ը, ավելի ճիշտ՝ Մոսկվան այսպես է մեկնաբանում իրավիճակը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է՝ հարձակում չկա, այլ՝ սահմանային բախումներ վիճելի տարածքներում, եւ պետք է կատարվի սահմանազատում։ ՀԱՊԿ երեւանյան հավաքի նախօրեին էլ Մոսկվան հստակ հայտարարել էր՝ ՀՀ-Ադրբեջան հակամարտությունը ՀԱՊԿ-ին չի վերաբերում։

Պատահական չէ, որ երեւանյան հավաքի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի պահանջներին միաբերան արձագանքում էին՝ «հույս կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կկնքվի խաղաղության պայմանագիր»։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը կազմվել է հենց այդ տրամաբանությամբ, ինչպես հայտարարել է Լուկաշենկոն՝ եթե այդ տեսքով ընդունվի, կհանգեցնի խաղաղության պայմանագրին։

Այսպիսով, ՀԱՊԿ երեւանյան հավաքը հերթական եւ առայժմ ամենավառ ցուցադրությունն էր այն բանի, որ ՀԱՊԿ-ը իրականում կատարում է իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ, որոնք կապված են Մոսկվայի ծրագրերի հետ։ ՀԱՊԿ-ը Հայաստանի մեկուսացման Մոսկվայի քաղաքականության գործիքներից մեկն է, տվյալ պարագայում՝ անվտանգության, ռազմական ու սպառազինության մատակարարման հարցերում դիվերսիֆիկացիան բացառելու, Հայաստանի պաշտպանական հնարավորությունները սահմանափակելու համար։

Իր հերթին, Բերձորի միջանցքը Բաքվին հանձնելուց եւ հատկապես սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո Ռուսաստանը Հայաստանի դեմ հայտնվեց ուղիղ, իր դեմքով, եւ այլեւս հնարավոր չէր թաքնվել թուրքերի հետեւում։ Այդ պահից Մոսկվան ավելի գործուն ներգրավեց ՀԱՊԿ-ը, Նիկոլ Փաշինյանի դիմումի հիմքով, որը չափազանց հարմար ցուցանակ է թե որպես «միջազգային կազմակերպություն», թե Սոչիի կլոունադայից հետո Կրեմլից իջեցված՝ «Պուտինն ուզում էր հայանպաստ քայլեր կատարել, բայց չկարողացավ» նարատիվը պահելու համար։

ՀԱՊԿ-ը ներկայում ներգրավվում է ՀՀ տարածքի օկուպացիայի օրինականացման, Մոսկվայի ու Բաքվի միջեւ ռազմավարական գործակցության շրջանակում համաձայնեցված «նոր սահմանի» գծման, միջանցքների եւ «խաղաղության պայմանագրի» այլ դրույթների իրագործման մոսկովյան ծրագրերին։ Բացի այդ, կազմակերպության այսպես կոչված դիտորդները սեպտեմբերի 13-ից հետո լիովին օրինական հիմքով հետախուզել են հայկական պաշտպանական ներկայիս գիծը եւ հնարավոր տեղակայումների վայրերը՝ «նոր սահմանի» պարագծով։

Սրանք են ՀԱՊԿ պարտավորությունները Հայաստանի հարցում, որոնք անշեղորեն կատարվում են, Փաշինյանի քպ-ական ռեժիմի ու նրա խորհրդարանական «ընդդիմության»՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու, ավելի ճիշտ դիմելու եւ այլ միմոսությունների ֆոնին։ ՀԱՊԿ-ին կառչած մնալու հետեւանքները երկար սպասեցնել չեն տա։ Պատահական չէ, որ երեւանյան խայտառակությունից հետո Կրեմլի խոսնակ Պեսկովը շտապեց հրահանգել՝ փաստաթղթերի չստորագրումը չի նշանակում, որ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից։

lragir.am