Search
Close this search box.

Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի

Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայությունից, և Ազգային ժողովում համապատասխան օրենքի ընդունումից հետո կդառնա վարչապետին ենթակա մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ասաց, որ փոփոխությունը անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է տեղի ունենում: «Նախկինում այս կարգավորման շրջանակներում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Այժմ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս յոթ տարի: Վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,-ասաց նա: Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ ըստ անհրաժեշտության հետագայում ծառայությունը երկարացնելու հնարավորություն կլինի:

«ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն: Մենք պետք է ծառայության կարողություններն ու հնարավորությունները մեծացնենք, և մենք դա անում ենք»,-հավելեց Փաշինյանը: Կառավարությունը քվեարկությամբ հավանություն տվեց առաջարկվող նախագծին: