Search
Close this search box.

«ՀՐԱՊԱՐԱԿ». Արդյո՞ք Գլխավոր դատախազը պատրաստվում է Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով մտնել Ազգային ժողով

Օրեր առաջ գրել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հնարավոր է մտնի ԱԺ` պատգամավորներ Արմեն Չարչյանին եւ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Մեր աղբյուրը հաղորդել էր, որ դատախազությունը որոշել է Չարչյանին սպեկուլյատիվ եւ հանրային նուրբ լարերի վրա խաղացող մեղադրանք առաջադրել` «Սասնա ծռերին» հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված։

Հաց բերողը 2016 թ. դեկտեմբերի 30-ին կալանքից ազատվել էր միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, որն արձանագրել էր, որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ, սակայն այդ որոշումից 1 օր անց քննիչը կրկնակի փորձաքննություն էր նշանակել: Երկրորդ հանձնաժողովի կազմում է եղել նաեւ բժիշկ Չարչյանը։ Հանձնաժողովի տված եզրակացությունից հետո Հաց բերողին կրկին կալանավորել էին. նոր եզրակացությամբ՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի չէր համարվել կալանքի հետ: Սակայն բանն այն է, որ բժշկական հանձնաժողովը փաստաթղթերի հիման վրա էր եզրակացություն տվել` Արթուր Սարգսյանը բժշկական հետազոտություն չէր անցել, քանի որ չէր ներկայացվել հանձնաժողովին: Ավելին՝ Արմեն Չարչյանը եզրակացության մեջ կամ դրանից զատ հատուկ շեշտել էր, որ եթե Արթուր Սարգսյանին կարողանային զննել, գուցե իրենց եզրակացությունն այլ լիներ։

Թեմայի առնչությամբ Գլխավոր դատախազությանը հարցում էինք ուղարկել, թե արդյոք կա՞ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ քրեական գործ, եթե այո, ապա ե՞րբ է հարուցվել, նախաքննական ո՞ր մարմինն է քննում։ Դատախազությունից նմանատիպ 2 քրեական գործի մասին են հայտնել, որոնցից մեկը հարուցվել է 2017 թվականին, իսկ երկրորդը՝ 2019 թվականին, որոնք հետագայում միացվել են իրար։

«ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված Արթուր Սարգսյանի մահվան վերաբերյալ Ձեր հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով բուժվող հիվանդի մահ առաջացնելու դեպքի առթիվ 2017թ. մարտի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում (2003թ. ապրիլի 18-ին ընդունված) ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 69100817 քրեական գործը( Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու՝ իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում):

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել փորձագետների կողմից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ, հետեւաբար նշված դեպքով 2019թ. հունվարի 21-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից (2003թ. ապրիլի 18-ին ընդունված) ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 61200319 քրեական գործը (Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապեu ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ)։ 

Քրեական գործերի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու հիմքով 2019թ. հունվարի 23-ին կայացված որոշմամբ 61200319 քրեական գործը միացվել է թիվ 69100817 քրեական գործին: Նշված վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում»,- պատասխանել են դատախազությունից։ 

Հարցմամբ դատախազությունից փորձել էինք ճշտել, թե հարուցված քրեական գործով կա՞ն մեղադրյալներ, եւ արդյոք Աննա Վարդապետյանը պատրաստվո՞ւմ է Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով մտնել Ազգային ժողով։ Սակայն դատախազությունից նախընտրել են այս հարցերին չպատասխանել՝ գրել են․ «Ինչ վերաբերում է հարցման մյուս կետերին, ապա անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ»։

Ի դեպ, երեկ դատախազությունը մի հաղորդագրություն էլ տարածեց՝ փորձագետներին վերաբերող, որով իբրեւ թե կարողացել են պարզել, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներ Շ. Գ․-ի եւ Գ. Հ.-ի կողմից «ակնհայտ կեղծ եզրակացություն» է տրվել, եւ դրա հետ կապված քրեական գործ է հարուցվել 2022 թ․ հոկտեմբերի 26-ին, եւ դատախազի կողմից 2022 թ․ նոյեմբերի 17-ին դատաբժիշկներ Շ. Գ․-ի եւ Գ. Հ.-ի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ եւ պայմանագրային հիմունքներով աշխատող մեղադրյալներ Շ. Գ.-ի եւ Գ. Հ.-ի նկատմամբ պաշտոնավարման կասեցումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացվել։ Թեեւ անհասկանալի է, թե ինչպես են 21 տարի անց հայտնաբերել հանցանքը, եւ ինչու վաղեմության ժամկետ չի կիրառվել։ Այս գործին մենք առաջիկայում կանդրադառնանք ավելի մանրամասն։