Search
Close this search box.

«Քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը

ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն որոշ լրամշակման կարիք ունի։ Ամփոփելով երևանյան գագաթնաժողովը՝ լրագրողներին տեղեկացրեց ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել են համալիր միջոցառումներ՝ Հայաստանին այս դժվարին իրավիճակում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, որը, բնականաբար, կապված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի լարվածության հետ։ Փաստաթուղթն ընդհանուր առմամբ պատրաստ է, բայց պետք է լրամշակվի։ Հանձնարարություն է տրվել մշակել այն և ներկայացնել երկրների ղեկավարներին», – նշեց նա։

ՀԱՊԿ պետություների ղեկավարների համատեղ նիստում ընդունվել է 15 որոշում, և միայն երկուսն են վերանայման ուղարկվել, որոնցից մեկը, փաստորեն, Հայաստանին էր առնչվում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղ կազմով նիստում դարձյալ ասել է, որ Երևանը կազմակերպությունից քաղաքական գնահատական է ակնկալում, որը սակայն, այդպես էլ չհնչեց։ Փաշինյանը հայտնել է, որ դաշինքի քաղաքական գնահատականի բացակայության պատճառով ինքը պատրաստ չէ ստորագրել այդ փաստաթուղթը։ Թե ինչ ձևակերպումներ են եղել փաստաթղթում, հայտնի չէ։

«Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար», – ասել է ՀՀ ղեկավարը։

ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը Հայաստանին օգնելու վերաբերյալ ընդհանուր առմամբ համաձայնեցվել է։

Ավելի ուշ ընդլայնված նիստում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից ընդունող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարզաբանել էր, որ հայկական կողմը ստորագրվելիք փաստաթղթում լրացում էր առաջարկել, բայց որոշել են հետաձգել այդ հարցի քննարկումը։

«Բայց առաջին անգամ մենք համաձայնեցինք, որ մոտեցման կետեր կան, որ համաձայնության գանք։ Ինչպես հասկացանք գործող նախագահողից, այս հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, եթե այնպես գործենք, ինչպես այսօր քննարկել ենք, կավարտվի, և խաղաղության պայմանագիր կկնքվի։ Նիկոլ Վովաևիչը լռում է, ուրեմն նա էլ է համաձայն է իմ ասածի հետ», – մասնավորապես ասել էր Բելառուսի առաջնորդը:

Իր ելույթում Փաշինյանը հերթական անգամ քննադատեց ռազմական այս կառույցի աշխատանքը՝ ընդգծելով՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին որևէ կերպ չզսպեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, ինչին ի պատասխան՝ Լուկաշենկոն ասաց, թե «իրենց գործը չէր Ադրբեջանին զսպելը», առաջարկեց շարժվել ռուսական խաղաղության միջնորդության ճանապարհով՝ շեշտելով՝ իրենք կարող են հիմա լուծել «այս կոնֆլիկտը, որը կրկին կարող է կրկնվել»։

«Մեզ բոլորիս խաղաղություն է պետք»,- շարունակելով իր խոսքը ասաց Բելառուսի նախագահը՝ թվարկելով, թե որոնք են լինելու իր երկրի նախագահության ժամանակ ռազմական դաշինքի առաջնահերթությունները։

«Վերջին շրջանում ԶԼՄ-ներում մի թեզ է շրջանառվում, որ ՀԱՊԿ-ի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայից (Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ծավալած պատերազմն այսպես է անվանում-խմբ.)։ Այսինքն` եթե Ռուսաստանը հաղթի, ՀԱՊԿ-ը կշարունակի ապրել, եթե Աստված մի արասցե չհաղթի, ապա ՀԱՊԿ-ն այլևս գոյություն չի ունենա։ Զգում եմ, որ մենք միասնական որոշման ենք եկել` եթե ՌԴ-ն քանդվի, մենք կմնանք ավերակների տակ. մենք պետք է իրար պաշտպանենք», – հայտարարեց Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի ղեկավարը խոսեց նաև փոփոխվող մարտահրավերներին և սպառնալիքներին ՀԱՊԿ-ը հարմարեցնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ կազմակերպությունը դրա համար ունի հավաքական հզոր ներուժ: Նա նաև առաջարկեց ՀԱՊԿ-Չինաստան ռազմավարական երկխոսություն սկսել։