Search
Close this search box.

Քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի, վերջինիս կնոջ և «Յանսի» տնօրենի նկատմամբ

Քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի (Վաչագան Ղազարյանի), վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար, հայտնում է գլխավոր դատախազությունը։

Երեքի նկատմամբ էլ մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Իշխանափոխությունից հետո՝ 2018-ի ամռանը, մեղադրանք էր առաջադրվել Ղազարյանին և նրա կնոջը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:

Սերժ Սարգսյանի մերձավորը ձերբակալվել էր 2018-ի հունիսին՝ Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկ»-ի մուտքի մոտից, ապա կալանավորվել։ Նա կալանքից առաջին անգամ ազատ արձակվեց 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Երկրորդ անգամ կալանավորվելուց հետո ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավի դիմաց։

Մեղադրանքի առաջադրումից հետո Ղազարյանը հայտարարել էր, որ իրեն վերագրվող այդ գումարների ծագման աղբյուրներն օրինական են, և որի վերաբերյալ ապացույցներ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին. — «Այդ գումարները ստացվել են մինչև ապօրինի հարստացման քրեականացումը, այսինքն՝ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը»։