Search
Close this search box.

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը որոշել է Արցախում «Սամվել Բաբայան-2» օպերացիա իրականացնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական շրջանակներում խոսում են, որ պատերազմից հինգ պակաս՝ 2020 թվականի մայիսի 29-ին, Արցախի ԱԱԾ տնօրեն նշանակված, իսկ պատերազմից հետո պաշտոնանկ եղած եւ ներկայումս Հայաստանում Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կամո Աղաջանյանը հնարավոր է առաջիկայում նշանակվի ուժային կառույցներից մեկի ղեկավար։ Խոսքը ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնների մասին է։

Հիշեցնենք․ ըստ մամուլի հրապարակումների՝ Կամո Աղաջանյանն ադրբեջանական արմատներ ունի։ 90-ականներին ընտանիքը կիսվել է երկու մասի․ հայրը հեռացել է Ադրբեջան, մայրը՝ որդու հետ մնացել Արցախում։ Աղաջանյանի հայրական տունը Հադրութի շրջանի Ուխտաձոր (ադրբեջաներեն՝ Էդդիլու) գյուղն է։ Նրա ադրբեջանական արմատների մասին 30 տարի առաջ գյուղի գյուղապետն է պատմել մի լրագրողի՝ որ Կամոյի հայրը Քյարիմովն է, որ կինը Քյարիմովից ունեցել է երեխաներ, մի մասը թուրքական անուններ են ունեցել, 90-ականներից հետո բոլորի անունները փոխվել են՝ Քյարիմովները դարձել են Աղաջանյաններ։ Աղաջանյանի հարազատ եղբայրն էլ Ադրբեջանի հերոս Մայիս Բարխուդարովն է։

Ինչեւէ, ադրբեջանական արմատներով Աղաջանյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելու փաստը տարատեսակ քննարկումների առիթ դարձավ հատկապես 44-օրյա պատերազմից եւ Արցախի 75 տոկոսն ադրբեջանցիներին հանձնելուց հետո, ոմանք կարծում էին, որ այդ նշանակումը պատահական չի եղել։

Սակայն Աղաջանյանի անձի շուրջ մեծ աղմուկ չբարձրացավ, ինչպես ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գործողությունների, ով նույն օրն Արցախի ԱԽ քարտուղար էր նշանակվել եւ պատերազմում մի շարք անհաջող օպերացիաներ կազմակերպելու, այնուհետ՝ Փաշինյանին պաշտպանելու պատճառով արցախցիներից շատերի համար դարձավ «պերսոնա նոն գրատա»։

Հիմա էլ Աղաջանյանի՝ պետական ապարատ հնարավոր վերադարձի մասին լուրերն են անհանգստություն առաջացրել Արցախի թե՛ քաղաքական, թե՛ հասարակական շրջանակներում, թե՛ շարքային քաղաքացիների մոտ, քանի որ մարդիկ կասկածներ ունեն, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հետ կապված դավադիր ծրագիրը վերջնափուլին հասցնող «հավատարիմներ» են գործուղում Արցախ։

Արցախում ասում են, որ երկու տարի առաջ եւս Աղաջանյանին առաջադրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ գաղտնիք չէ, որ ուժային որոշ կառույցների ղեկավարների թեկնածուները տարիներ շարունակ համաձայնեցվել, եթե չասենք՝ առաջադրվել են Հայաստանի կողմից։ Սակայն այդ նշանակումից հետո էլ ավելի են խորացել Հարությունյանի եւ Աղաջանյանի հակասությունները։

Պատերազմից հետո մամուլում տարատեսակ լուրեր հայտնվեցին այն մասին, որ Աղաջանյանը պատերազմական գաղտնիքների վերաբերյալ արտահոսք չանելու՝ լռելու դիմաց Արայիկ Հարությունյանից Երեւանի Զաքյան փողոցի բիզնես կենտրոններից մեկում գրասենյակ է ստացել՝ վարձակալական հիմունքներով, եւ ինչ-որ բիզնեսների մասնակցելու քվոտաներ: Չնայած առանց այդ էլ Աղաջանյանի անվան հետ է կապվում Արցախի շինարարական բիզնեսի առյուծի բաժինը, եւ վերջինս ջերմ հարաբերություններ ունի ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում