Search
Close this search box.

«Հրապարակ». «Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է նախաձեռնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին «Հայաստան» խմբակցությունն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնելու՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ նոյեմբերի 8-ի հայտարարությանն ի պատասխան: Հայտարարության նախագիծ են պատրաստել, որը պետք է ընդունվի։ «Միլի մեջլիսը կոչ է անում հայկական կողմին՝ ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը։ Միլի մեջլիսը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռնարկվելիք քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- հայտարարել են Ադրբեջանի օրենսդիրները։

ԱԺ ընդդիմությունն իր թեզերն է շեշտելու բանակցային գործընթացի վերաբերյալ եւ առաջարկելու է բանակցային գործընթացում արձանագրել Հայաստանի կարմիր գծերը։ Սա պատասխան քայլ է լինելու Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե իշխանության ու ընդդիմության դիրքորոշումները նույնն են, քանի որ ինքը դեռ անցած տարվա հունվարին է ընդունել ռուսական առաջարկները, որի անկյունաքարային կետն է՝ անորոշ ժամանակով հետաձգել Արցախի հարցը։ Երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Քրիստինե Վարդանյանը հաստատեցին արտահերթ նիստ հրավիրելու մտադրությունը, սակայն օրակարգը չմանրամասնեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում