Search
Close this search box.

Աննա Հակոբյանն այցելել է գերի չհանձնվելուց հետո սպանված Տարոն Անդրեասյանի ընտանիքին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի ընտանիքին: Վարչապետի տիկնոջը դիմավորել են Տարոնի` հայրը` Հարությունը ու եղբայրը` Վահեն: Տարոնը Անդրեասյանը հայտնի տեսանյութի տղան է, որտեղ նա միայնակ կանգնած է մի քանի տասնյակ ադրբեջանցիների առաջ, որոնք Տարոնին հորդորում էին գերի հանձնվել, խոստանում չվնասել ու երրորդ երկիր փոխանցել: Սակայն Տարոնն այլ որոշում է կայացրել. պարզել է ինքնաձիգը, կրակել մինչև վերջին շունչը ու սպանվել:

Տարոն Անդրեասյանը արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ 26 տարեկան էր:

5 տարուց ավելի ապրել և աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստան էր վերադարձել հոկտեմբերի 5-ին՝ պատերազմը սկսվելուն պես և շտապել կամավորագրվել՝ հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու համար։ Տարոնին, իր շտապողականությանը հակառակ, միայն հոկտեմբերի 19-ին է հաջողվել համազգեստ հագնել, 2 օր անց արդեն Արցախում է եղել` դասակի հրամանատարի պաշտոնով: Զինվորական մասնագիտությամբ հետախույզ էր: Աննա Հակոբյանի խնդրանքով Տարոնի հայրը պատմել է որդու հետ ունեցած վերջին հեռախոսազանգի մասին։

Հարությունը տղայի հետ վերջին անգամ հոկտեմբերի 26-ին է խոսել: Տարոնն ասել է, որ շրջափակման մեջ է հայտնվել: Հորն ասած վերջին խոսքերն են եղել, որ ինքը ոչ մի պարագայում գերի չի ընկնի և ինքն իրեն կպայթեցնի։ Հարությունի ունեցած տվյալներով, դեպքերը Քաշունիքում են եղել (Սանասար):

Տարոնի հետ ևս մեկ տղա է եղել, սակայն հակառակորդի կրակից թաքնվելու ընթացքում կորցրել են իրար: Տարոնի վաշտը նահանջել է, բայց նա որոշել է մնալ ու շարունակել իր պայքարը: Հայրը մտածում է, որ տեսանյութը հոկտեմբերի 27-ին է նկարահանված, իրեն հասած տեղեկություներով 4 ադրբեջանցու է սպանել։ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Տարոնի ծնողներին, որ կարողացել են նման տղա դաստիարակել, ում գործած սխրանքն անգնահատելի է։