Search
Close this search box.

Թող Ռուսաստանը պատասխանի, թե արդյոք դեռ շրջանառվում է ռուսական տարբերակը. Փաշինյան

Առաջին հերթին Ռուսաստանը պետք է տա հարցի պատասխանը, թե արդյոք դեռ շրջանառվում է ռուսական տարբերակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տարբերակներին:

«Մենք ասել ենք, որ դա մեզ համար ընդունելի է: Մենք հարցնում ենք եւ ստացել ենք պատասխան, բայց ես կարծում եմ՝ քանի որ թեման դարձել է հրապարակային ՌԴ նախագահի Վալդայ ակումբում արած հայտարարությունից հետո, ես այդ հարցը վերահասցեագրում եմ Ռուսաստանին, թող Ռուսաստանը հրապարակային պատասխանի»,-ասել է նա:

Նա ասել է, որ հայկական կողմը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Խովաեւի ներկայացրած ռուսական առաջարկներին։ «Արդյո՞ք այսօր դա շարունակում է աշխատանքային փաստաթուղթ լինել։ Այս մասին պետք է հարցնել ռուսական կողմին»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանն ասել է, որ աշխատանքային քննարկումներում այս առաջարկն անվանվել է «Խովաեւյան փաստաթուղթ»։ «Այն կոչվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի անունով։ Այնուամենայնիվ, գործ ունենք, ըստ էության, Ռուսաստանի ղեկավարության առաջարկի հետ։ Առաջարկն այն է, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը որոշ ժամանակով հետաձգվի»,- պարզաբանել է վարչապետը։

Վարչապետի խոսքով, Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպմանը՝ թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածներում, նա, մասնավորապես, հայտարարել է, որ աջակցում է այս փաստաթղթին։

«Ես ցանկանում եմ, որ այն հիշատակվի Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ եզրափակիչ եռակողմ հայտարարության շրջանակում։ Սակայն քննարկումներից հետո ռուս գործընկերները կոչ արեցին ընդունել ձեւակերպում, որ հարաբերությունների հաստատման քայլերը շարունակվելու են նախկինում ընդունված զարգացումների հիման վրա։ Գործնականում այդ զարգացումներից մեկը հենց անվանված փաստաթուղթն է։ Մեր ռուս գործընկերները եկել են այն եզրակացության, որ այս փուլում այս ձեւաչափով հղում կատարելը կարելի է բավարար համարել, եւ մենք համաձայնել ենք դրան, որպեսզի փակուղի չստեղծենք եւ չլինենք միակ կողմը, որը խոչընդոտում է նոր եռակողմ հայտարարության ընդունմանը։ Արդյունքում ստացանք մի փաստաթուղթ, որի հետ բոլորը համաձայն էին եւ այն համարում են օգտակար»,- պարզաբանել է Փաշինյանը։