Search
Close this search box.

Գուցե Ադրբեջանը մտածում է, որ պետք է հարցն այնպես լուծել, որ Հայաստանը մնա շրջափակման մեջ. Փաշինյան

Ճանապարհների թեման քննարկելու ժամանակ Ադրբեջանն ասել է, որ կարծում է, որ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ ճանապարհներով անցնելիս հնարավոր է մտավախություններ ունենան Հայաստանի սահմանային եւ մաքսային ծառայողների հետ անձնական կոնտակտ ունենալու հետ կապված: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկվա իր հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստվում է առաջիկայում հաղորդակցության ուղների բացման թեմայով նոր, պահեստային առաջարկ ներկայացնել:

«Մենք մեր առաջարկը փոխանցել էին 2021-ի դեկտեմբերին, հիմա դրա պարզեցված տարբերակն են պատրաստվում ներկայացնել որպես առաջարկ: Եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու ճանապարհով, ասել, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է իրար հետ չշփվեն, այդքան էլ ճիշտ չէ: Պետք է վերադառնալ ամենապարզ տարբերակին, որ Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնում են Ադրբեջանի ծառայողները, ՀՀ սահմանին՝ Հայաստանի ծառայողները:

Ես առաջարկել էի, որ եթե հարցը չի կարգավորվում, եկեք օպերատորների պատվիրակենք: Մեր կողմից օպերատորը կարող են լինել ռուսները: Եթե դա էլ չի ընդունվում, ապա սա է մեր առաջարկը, այսինքն վերադառնանք առաջին տարբերակին: Մենք կարող ենք նաեւ միջնորդել միջազգային գործընկերներին, որպեսզի նրանք այդ անցակետերում աշխատող մաքսային եւ սահմանային մեր ծառայողների համար կազմակերպեն դասընթացներ: Էլ չեմ ասում, որ 21-րդ դարում շատ բան կարելի է անել էլեկտրոնային տարբերակով:

Եթե Ադրբեջանի համար սա իսկապես հաղորդակցության հարց է, ոչ թե էսկալացիայի առիթ գտնելու, ապա հարցը գործնականում լուծված է»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով, Բրյուսելում իրենք պայմանավորվել են, որ եկաթուղու վերականգնման գործընթացը սկսում են. «Երբ ես պատրաստվում էի իմ ֆեյսբուքի էջում գրառում անել, ես մասնակից մյուս կողմերի հետ իմ տեքստը ճշտեցի, ասացի՝ ես ճի՞շտ եմ հասկանում պայմանավորվածությունը, որովհետեւ ես պետք է դուրս գամ եւ հրապարակում անեմ: Ես ստացա հաստատում, որ դա հենց այն պայմանավորվածությունն է, որը տեղի է ունեցել: Իսկ երբ պետք էր այդ տեքստին պաշտոնական տեսք տալ, Ադրբեջանը հրաժարվեց դրանից»:

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը կողմ է բոլոր երթուղիներին. «Մենք ասում ենք՝ եկեք արձանագրենք, որ իրավական կարգավորումների մասով մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, երթուղիների մասով մենք որեւէ խնդիր չունենք: Ես որեւէ երթուղու հետ խնդիր չունեմ, բացառությամբ այն տրամաբանության, թե որքանով է դա տեխնիկապես իրագործելի: Ոչ ոք մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել, որ դա լինի լավագույն, ամենահարմար ու կարճ երթուղին, որը 12 ամիս հասանելի ու անցանելի կլինի: Մենք երբեք չենք ասել, որ կա երթուղի, որին երբեք չենք համաձայնի: Ի վերջո, այդ ճանապարհը ՀՀ հաշվին է կառուցվելու, եւ եթե այդ ճանապարհով անցուդարձ չլինի, եկամուտ չբերի, կստացվի, որ մսխեցինք այդ գումարը: Հայաստանը շահագրգռված է, որ բեռնափոխադրումները եւ եկաթուղով, եւ ավտոճանապարհով լինեն հնարավորինս շատ, որ շատ եկամուտներ բերեն Հայաստանին:

Գուցե խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի ուզում, որ Հայաստանը եկամուտներ ստանա: Գուցե Ադրբեջանը մտածում է, որ պետք է հարցն այնպես լուծել, որ Հայաստանը մնա շրջափակման մեջ»,-ընդգծեց նա: