Search
Close this search box.

Մայրը և որդին կապված են եղել. Շիրակի դատախազը հաստատել է Պեմզաշենի դաժան սպանությանն առնչվող որոշ տեղեկություններ

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որոնց համաձայն՝ տղա երեխայի ոտքերն ու ձեռքերը թելով կապված են եղել, իսկ մայրիկի թևերը կապված են եղել հետևի հատվածում: Ըստ դատախազի՝ կան վարկածներ, որոնք ստուգվում են։

Գուրգեն Գրիգորյանը նաև շեշտեց, որ իրավապահներն առաջնորդվում են աշխատանքային, ոչ թե երևակայական վարկածներով։ Դատախազը հորդորեց հետևել պաշտոնական լրատվությանը։

Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի խոսքով էլ՝ գյուղում խուճապ չկա, սակայն բոլորն անակնկալի են եկել տեղի ունեցածից։

Ավելի վաղ Շիրակի մարզի դատախազը տեղեկացրել էր, որ դիերի վրա առկա են եղել կտրող-ծակող վնասվածքներ։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխայի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, անչափահասի), որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողություններ:

Հիշեցնենք՝ այսօր արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել:

Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ հանգիստ, սովորական կյանքով ապրող ընտանիք էր, հայրն էլ, համայնքապետի տեղեկություններով, այս պահին արտագնա աշխատանքի է։